Հայաստանի խորհրդարանում ծրագրվում է ստեղծել երեք նոր մշտական հանձնաժողով

Երկուշաբթի Հայաստանի խորհրդարանի պատգամավորները սկսել են քննարկել օրինագիծ՝ «Ազգային Ժողովի կանոնակարգի» մեջ լրացումներ մտցնելու մասին, որոնց համաձայն՝ ծրագրվում է ստեղծել խորհրդարանական երեք նոր մշտական հանձնաժողովներ։
Ինչպես տեղեկացրել է օրինագծի հեղինակ, «Օրինաց երկիր» կոալիցիոն կուսակցությունից պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, փաստաթուղթը նախատեսում է ստեղծել գյուղատնտեսության, բնապահպանության և բնօգտագործման հարցերով հանձնաժողով, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հանձնաժողով և սոցիալական հարցերով հանձնաժողով։
Օրինագծի ընդունման դեպքում՝ Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների թիվը կհասնի 12-ի։
Այսօրվա դրությամբ Հայաստանի խորհրդարանում գործում են ինը մշտական հանձնաժողովներ՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողով, եվրոպական ինտեգրման հանձնաժողով, կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողով, պետաիրավական հարցերի հանձնաժողով, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողով, պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողով, սոցիալական, առողջապահության և բնապահպանության հարցերի հանձնաժողով, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողով, տնտեսական հարցերի հանձնաժողով։ Բարեփոխված Սահմանադրության համաձայն՝ Հայաստանի խորհրդարանում կարող են գործել 12 մշտական հանձնաժողովներ։
Մարգարյանը նշել է խորհրդարանական հանձնաժողովների դերի բարձրացման անհրաժեշտությունը, որոնցում պետք է անցկացվեն ներկայացված օրինագծերի հիմնական քննարկումները։
Պատգամավորի խոսքերով, համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ գործող նախարարությունների հետ զուգահեռ խորհրդարաններում գործում են նմանատիպ հանձնաժողովներ։ Նա հնարավոր է համարել Հայաստանում նման պրակտիկայի կիրառման վարկածային հնարավորությունը՝ հանձնաժողովների ձևավորման առնչությամբ սահմանադրական սահմանափակումների վերացման դեպքում։
Նա նաև տեղեկացրել է, որ նախաձեռնությանը միացել են կոալիցիոն մյուս ուժերը՝ «Բարգավաճ Հայաստանը», Հայաստանի հանրապետական կուսակցությունն ու ՀՅԴ-ն։-0-