Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասի երկրների տարածքային ամբողջականության պահպանման օգտին

23.05.2008, 14:51
Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասի երկրների տարածքային ամբողջականության պահպանման օգտին

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Թուրքիան ավանդաբար հանդես է գալիս Հարավային Կովկասի երկրների տարածքային ամբողջականության պահպանման օգտին, ասաց Անկարայի տնտեսության և տեխնոլոգիաների համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Մուստաֆա Այդինը։

«Նման մոտեցման համար մի քանի պատճառներ կան։ Առաջին հերթին այն, որ տարածքային ամբողջականության պահպանումը Թուրքիայի քաղաքականության ավանդական առավելությունն է»,-ասաց Այդինը ուրբաթ՝ Երևանում «Կովակս-2007» միջազգային համաժողովի ընթացքում։

Նրա խոսքով, Թուրքիան շահագրգռված է նաև հարավ-կովկասյան տարածաշրջանի կայունությամբ, ինչն ապահովում է թուրքական սահմանի խաղաղությունը։

«Բացի այդ, մենք կարծում ենք, որ Հարավային Կովկասի երկրների՝ բաժանման ճանապարհով թուլացումը կարող է հանգեցնել տարածաշրջանում Ռուսաստանի դերի ուժեղացմանը»,- ասաց Այդինը։

Նա նաև նշեց, որ Թուրքիան փորձում է տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնել՝ սեփական տնտեսությունը հզորացնելու ճանապարհով, ինչպես նաև Արևմուտքի երկրների հետ կապի հաշվին։ Փորձագետի կարծիքով, Թուրքիան ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Վրաստանի ռազմավարական գործընկերն է, ինչն անմիջականորեն ազդում է ղարաբաղյան և աբխազական հակամարտությունների նկատմամբ Անկարայի դիրքորոշման վրա։

«Թուրքիայում բնակվում են քաղաքական մեծ ակտիվություն ունեցող բազմաթիվ աբխազներ, որոնք պահանջում են երկրի աջակցությունը՝ վրաց-աբխազական հակամարտությունում, սակայն թուրքական կառավարությունը խուսափում է նման գործողություններից՝ Վրաստանի հետ սերտ ռազմավարական հարաբերություններ ունենալու պատճառով»,- ասաց Այդինը։

Նա նաև ընդգծեց, որ Հայաստանի հետ հարաբերություններում որոշակի տեղ է զբաղեցնում ղարաբաղյան հիմնախնդիրը, քանի որ Թուրքիան սերտ դաշնային կապերի մեջ է Ադրբեջանի հետ։

Ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ՝ առանց նախապայմանների։ Սակայն Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատաման համար առաջ է քաշում մի շարք նախապայմաններ, մասնավորապես, Հայաստանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915թ.  իրագործված Եղեռնի ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելը և ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը` հօգուտ Ադրբեջանի:--0—