Կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոցը Հայաստանում կսկսի գործել 2008 թ. աշնանը
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը և «Գործարար կառավարման դոկտոր» ծրագրի ղեկավար, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Աբել Աղանբեկյանը ուրբաթ Երևանում ստորագրել են Կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոց (ԿԿԲԴ) ստեղծելու մասին հուշագիրը։
«Կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոցը մենեջերների մասնագիտական ուսուցման բարձրագույն աստիճան է, որի առաջնահերթ խնդիրը կլինի DBA (Doctor of Business Administration) ծրագրով մասնագետների պատրաստումը», - ասաց Աղանբեկյանը՝ նշելով, որ բոլոր փաստաթղթերի ձևակերպումից հետո ԿԿԲԴ-ն Հայաստանում կսկսի գործել արդեն 2008 թ. աշնանը։
Նրա խոսքերով, DBA աստիճանը նախատեսված է գործարարների և թոփ-մենեջերների համար, որոնք ցանկանում են ստանալ նոր գիտելիքներ, մինչդեռ MBA-ն (Master of Business Administration) մենեջմենտի միջին մակարդակի պատրաստման աստիճան է։
Ակադեմիկոսը տեղեկացրեց, որ Հայաստանի ԿԿԲԴ-ում դասավանդելու են Մոսկվայի և արտասահմանի խոշոր ձեռներեցներ, ինչպես նաև տեղի մասնագետներ։ Ուսուցման տևողությունը կլինի երեք տարի՝ անհատական ծրագրով՝ կախված սովորողների գործունեության բնագավառից, պարապմունքներն անցկացվելու են տնտեսության հիմնական ուղղություններով, այդ թվում՝ բիզնես, մարկետինգ, կորպորատիվ ֆինանսավորում, միջազգային տնտեսություն։
Միաժամանակ Աղաբենկյանն ասաց, որ Հայաստանում այդ ակադեմիայում ուսման վարձը դեռևս չի սահմանվել, թեև Ռուսաստանի ԿԿԲԴ-ում ուսուցումը կազմում է տարեկան 10 հազ. եվրո, ընդ որում ՌԴ –ում նման հաստատության ստեղծման համար ներդրումները կազմում են շուրջ 1 մլն եվրո։
«Կարծում եմ, որ Հայաստանում ԿԿԲԴ-ի ստեղծման մեջ մենք կներդնենք մի քանի հազար եվրո, սակայն ուսման վարձը կախված կլինի սովորողների թվից», - ասաց Աղաբենկյանը։-0-

