Հայաստանի նախագահի աշխատակազմը մի շարք քննարկումներ կանցկացնի Հանրային խորհուրդ ստեղծելու վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ի կատարումն Հանրային խորհրդի ձևավորման աշխատանքային խումբ ստեղծելու ՀՀ նախագահ Սարգսյանի հանձնարարականի և նպատակ ունենալով խթանել խորհրդի ձևավորմանը գործընթացը` ՀՀ նախագահի աշխատակազմը նախաձեռնում է տասնօրյա քննարկումների շարք:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին երկրի նախագահի մամուլի ծառայությունից, քննարկումները կանցկացվեն բոլոր շահագրգիռ անձանց և կազմակերպությունների հետ։
«Խնդրում ենք բոլոր շահագրգիռ կողմերին նաև սեփական նախաձեռնությամբ Հանրային խորհրդի հետ կապված իրենց մոտեցումները փոխանցել նախագահի խորհրդական պարոն Գառնիկ Իսագուլյանին կամ ՀՀ նախագահի օգնականներ Սևակ Լալայանին և Վիգեն Սարգսյանին»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ինչպես նախկինում լրագրողներին հայտնել էր նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը, Հանրային խորհրդի աշխատանքային խմբում կընդգրկվեն խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, հասարակական կառույցների ներկայացուցիչներ, նախկին նախագահներ, վերջին նախագահական ընտրություններում երկրի ղեկավարի պաշտոնի թեկնածուներ, արվեստի, մշակույթի գործիչներ, գիտության և սպորտի ներկայացուցիչներ։
Հայաստանի Հանրային խորհրդի իրավասությունների մեջ կմտնեն պետական նշանակություն ներկայացնող բոլոր հարցերը, օրենքների վերլուծությունները, ենթաօրենսդրական ակտերը, երկրի նախագահի հրամանագրերը։ Կառույցի որոշումները խորհրդատվական բնույթ կկրեն։-0-