Հայաստանը մինչև 2015 թ. ունենալու է ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան խաղաղապահ բրիգադ. պաշտպանության նախարար

21.05.2008, 16:44
Հայաստանը մինչև 2015 թ. ունենալու է ՆԱՏՕ-ի չափանիշներին  համապատասխան խաղաղապահ բրիգադ. պաշտպանության նախարար
Հայաստանը մինչև 2015 թ. ունենալու է ՆԱՏՕ-ի չափանիշներին  համապատասխան խաղաղապահ բրիգադ. պաշտպանության նախարար

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Մինչև 2015 թ. Հայաստանն ունենալու է ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան խաղաղապահ բրիգադ, կարծում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

«Այս ճանապարհին առաջին քայլը լինելու է Կոսովոյում հայկական խաղաղապահ համակազմի մեծացումը։ Ներկայումս Կոսովոյում խաղաղապահ մանդատը ՄԱԿ-ի վարույթից հանձնվել է ՆԱՏՕ-ի իրավասությանը, ինչի հետևանքով որոշ երկրներ, օրինակ, Ադրբեջանը, իրենց խաղաղապահներին ետ են կանչել տարածաշրջանից։ Սակայն դա չի ազդի Հայաստանի պարտավորությունների վրա»,- ասաց նախարարը չորեքշաբթի խորհրդարանի նիստին՝ ներկայացնելով Կոսովոյում հայկական ռազմական համակազմը մեծացնելու հարցը։

Հայ զինծառայողները Կոսովոյում խաղաղապահ առաքելություններին մասնակցում են հունական գումարտակի կազմում  2004 թ.-ի փետրվարի 12-ից։ Հայ «կապույտ բերետների» թիվը Կոսովոյում կազմում է 34 մարդ։ Խորհրդարանի հաստատմանը ներկայացված Հայաստանի և Հունաստանի միջև փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ արձանագրության համաձայն, նախատեսվում է Կոսովո գործուղել Հայաստանի ԶՈՒ լրացուցիչ հրաձգային վաշտ։

Օհանյանը հիշեցրեց, որ հայ խաղաղապահները, ծառայելով Կոսովոյում, արժանացել են բազմաթիվ բարձր գնահատականների։ Նախարարի խոսքով, Կոսովոյում հայկական ռազմական համակազմի ընդլայնումը պայմանավորված է ռազմաքաղաքական և ռազմական գործոններով։

«Ռազմաքաղաքական գործոնը պայմանավորված է խաղաղապահ առաքելություններում Հայաստանի ներգրավվածությամբ։ Իր ներկայությունը Կոսովոյում մեծացնելով՝ Հայաստանը, որը Լեռնային Ղարաբաղում խաղաղություն հաստատելու քաղաքականություն է վարում, զուգահեռ հզորացնում է խաղաղապահների կազմը»,- ընդգծեց նախարարը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։ Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։

Օհանյանը նկատեց, որ ռազմական գործոնը հայ խաղաղապահներին զորավարժությունների, փորձ և ղեկավարման հմտություններ ձեռք բերելու հնարավորություն է տալիս։

«Բացի այդ, մենք հնարավորություն ենք ստանում ներկայացնել նաև մեր դրոշը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հայ զինվորին, որն ինչպես հայրենիքում, այնպես էլ արտասահմանում, արժանավայել է կատարում իր զինվորական պարտքը»,- ընդգծեց Օհանյանը։--0--