Դաշնակցությունը ՀՀ ԱԺ փոխխոսնակի պաշտոնում առաջադրել է Հրայր Կարապետյանին

ՀՀ ԱԺ պատգամավոր Հրայր Կարապետյանը երկուշաբթի պաշտոնապես առաջադրվել է խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնում։
Կարապետյանի թեկնածությունն առաջարկել է նրա կուսակից, ԱԺ նախագահի նախկին տեղակալ Վահան Հովհաննիսյանը, ով հրաժարական էր տվել նախագահական ընտրություններից հետո։
«Ես Հրայր Կարապետյանին ճանաչում եմ 1989 թվականից՝ Գետաշենի ինքնապաշտպանության օրերից։ Նա քաղաքական և հասարակական գործչի դժվար և երկար ուղի է անցել՝ լինելով արցախյան շարժման առաջին գործիչներից ու մարտիկներից մեկը»,- ասաց Հովհաննիսյանը։
Նրա խոսքերով, Կարապետյանը հարուստ փորձ ունի, ինչն օգտակար կլինի խորհրդարանի ղեկավարի տեղակալի համար։
«Նա ավելի շատ ընդդիմադիր է եղել, քան գործող իշխանությանն աջակցող կուսակցության ներկայացուցիչ։ Կարապետյանը երկար ժամանակ գործադիր իշխանությունների ներկայացուցիչ է եղել՝ աշխատելով մարզպետի պաշտոնում, և, հետևաբար, կարող է ճիշտ գնահատել մարզերին և գյուղերին առնչվող հիմնախնդիրներին վերաբերող օրինագծերը։ Եվ, վերջապես, նա երկար ժամանակ է պատգամավոր, կուսակցության ղեկավար մարմնում է եղել, ղեկավարել է խորհրդարանի ՀՅԴ խմբակցությունը»,- ասաց Հովհաննիսյանը։
Կարապետյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Դաշնակցությանը՝ իր թեկնածությունն առաջադրելու համար։
«Այն փաստը, որ այս պաշտոնը զբաղեցրել է իմ կուսակից ընկերը, շատ է պարտավորեցնում»,- ասաց նա։
Թեկնածուն նշեց խորհրդարանի վարկանիշը բարձրացնելու կարևորությունը, նրա գործունեության թափանցիկությունն ու ընտրողների հետ կապի ամրապնդումը։
Կարապետյանն ավելացրեց, որ իր գործունեության փորձը թույլ կտա աշխատել բոլոր քաղաքական ուժերի հետ, այդ թվում ՝ ընդդիմադիրների։
Նա ընդգծեց նաև բոլոր քաղաքական ուժերի համերաշխության և քաղաքական երկխոսության անհրաժեշտությունը։
Կարապետյանը ծնվել է 1963թ. օգոստոսի 11-ին Երևանում: 1985թթ. ավարտել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը, այնուհետև ուսումը շարունակել է նույն ինստիտուտի ասպիրանտուրայում: Պաշտպանել է գիտական թեզ` «Սովորողների քաղաքացիական դաստիարակության հիմնախնդիրը ազգային կրթության համակարգում» թեմայով:
1985-1990թթ. աշխատել է Նոր-Գեղի գյուղի, այնուհետև, Երևանի թիվ 181 դպրոցներում՝ որպես ուսուցիչ: 1985-1987թթ. անդամակցել է «Զանգակատուն» կազմակերպությանը: 1987-1989թթ. եղել է «Միացում» կազմակերպության շարքերում, նույն տարիներին խմբագրել է «Զանգակատուն» հանդեսը:
1989թ. անդամագրվել է Հայ Յեղափոխական Դաշնակցությանը: 1990-1995թթ. ընտրվել է ՀՅԴ Հայաստանի Կենտրոնական կոմիտեի անդամ: 1990-1992թթ. Թաթուլ Կրպեյանի, Շահեն Մեղրյանի և մյուս ազատամարտիկների հետ մասնակցել է Գետաշենի, Շահումյանի, Բերդաձորի, Մարտակերտի ինքնապաշտպանական մարտերի կազմակերպմանը:
1996-1998թթ. ընտրվել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի անդամ: 1998-2003թթ. եղել է ՀՀ Արագածոտնի մարզպետ:
2003-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ): Եղել է Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար:
2007թ. մայիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցությունից: Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար է:
Մինչ այսօր ղեկավարում է Դաշնակցություն խմբակցությունը։ ՀՀ պաշտպանության նախարարի, վարչապետի և Ռուսաստանի Դաշնության Ֆեդերացիայի խորհրդի նախագահի կողմից պարգևատրվել է մեդալներով ու շքանշաններով: Ամուսնացած է, ունի 3 որդի: -0-