Երևանի դպրոցների շրջանավարտները վերջին զանգը կնշեն մայիսի 24-ին

Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 205 դպրոցների 11592 շրջանավարտների համար վերջին զանգը կհնչի մայիսի 24-ին, երկուշաբթի տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը։
«Մայիսի 24-ի երեկոյան՝ Ազատության հրապարակում շրջանավարտների պատվին կկազմակերպվի տոնական համերգ՝ հայկական էստրադայի աստղերի մասնակցությամբ», - ասաց նա լրագրողներին։
Միաժամանակ Վաթյանը նշեց, որ Երևանի քաղաքապետի հանձնարարականով՝ այդ օրը մայրաքաղաքի ճանապարհներին խստացված հերթապահություն կկազմակերպեն Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ տրանսպորտի անվտանգ շարժն ապահովելու համար։
«Այդ օրը առանց վարորդական իրավունքի մեքենայի ղեկին գտնվող շրջանավարտները չեն թույլատրվի քննությունների, իսկ նրանց մեքենաները կտարվեն տուգանային հրապարակ», - ասաց քաղաքապետարանի ներկայացուցիչը։
Վաթյանը տեղեկացրեց, որ հունիսի 2-ից 20-ը Երևանի դպրոցների շրջանավարտները հանձնելու են միասնական քննություններ։ «Քննություններին գրեթե ամեն ինչ պատրաստ է, շրջանավարտների հայտերն ընդունվել են, Անգլիայում տպագրված թեստերն արդեն բերվել են Երևան և զմռսված են, նրանք կբացվեն քննությունների օրը», - տեղեկացրեց Վաթյանը։
Նա նշեց, որ 2007-2008 ուստարում շրջանավարտները կհանձնեն միասնական քննություններ երեք առարկաներից՝ հայոց լեզու և գրականություն, մաթեմատիկա և օտար լեզու։
Վաթյանը տեղեկացրեց, որ ուսումնական գործընթացը ավագ դասարանների շրջանավարտների համար կավարտվի հունիսի վերջին։-0-