Մեծ Բրիտանիան մտադիր չէ կրճատել Հայաստանում իր գործունեության շրջանակները. դեսպան

16.05.2008, 17:12
Մեծ Բրիտանիան մտադիր չէ կրճատել Հայաստանում իր գործունեության շրջանակները. դեսպան
Մեծ Բրիտանիան մտադիր չէ կրճատել Հայաստանում իր գործունեության շրջանակները. դեսպան

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Մեծ Բրիտանիան չի պատրաստվում կրճատել իր գործունեության շրջանակները Հայաստանում, սակայն, հետագա համագործակցությունը մեծամասամբ կախված է նաև Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումներից, տնտեսական հաջողություններից, հայտարարել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլին:

Ինչպես «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանը դեսպան  Լոնսդեյլը հավաստել է տարբեր ոլորտներում Հայաստանում իրականացվող  ծրագրերի շարունակականությունն ապահովելու բրիտանական կողմի ցանկությունը, որի շուրջ ներկայումս համագործակցում է նաև Եվրոպայի խորհրդի և Համաշխարհային բանկի հետ:

Միաժամանակ, բրիտանացի դեսպանն ընդգծել է հատկապես Հայաստանի կողմից իրականացվող տարածքային համաչափ զարգացման ծրագրին օժանդակելու կարևորությունը:

Իր հերթին, Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Լոնսդեյլի գործունեությունը կնպաստի հայ-բրիտանական հարաբերություններում նոր առաջընթացի ձեռքբերմանը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հավաստիացրել է, որ կարևորելով երկրի ժողովրդավարացման գործընթացների խթանումը, ՀՀ կառավարությունը լուրջ ծրագրեր և որոշակի միջոցառումներ է նախատեսում, որոնք ուղղված են առկա հիմնախնդիրների լուծմանը:

Միաժամանակ, կառավարության ղեկավարը կարևորել է հատկապես տնտեսական համագործակցության խթանումը, նշելով, որ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ապրանքաշրջանառության ծավալների ներկայիս մակարդակը դեռևս կողմերին գոհացնել չի կարող:

Վիճակագրական տվյալներով Հայաստանի ապրանքաշրջանառությունը Մեծ Բրիտանիայի հետ 2007թ. կազմել է 45,1 մլն. դոլար՝ ավելանալով 51,7 տոկոսով։ Հայաստանից Մեծ Բրիտանիա արտահանվել է 2,8 մլն. դոլար արժողությամբ ապրանք՝ 2006թ.-ի 7,6 միլիոնի դիմաց, իսկ Հայաստան ներմուծված ապրանքների քանակն ավելացել է 91,3 տոկոսով՝ կազմելով 42,3 մլն. դոլար։

Սարգսյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունն այսօր ունի երկրի տնտեսական զարգացման բավականին հավակնոտ ծրագրեր և «պատահական չէ, որ առաջնահերթությունը տալիս է սոցիալական, տնտեսական առկա հիմնախնդիրների լուծմանը»:
 
Շնորհակալություն հայտնելով Միացյալ Թագավորության միջազգային զարգացման նախարարության կողմից մեր երկրի հանրային ոլորտի բարեփոխումներին և գյուղական շրջանների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման համար, Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է համագործակցությունը շարունակելու և  դրանում նոր ծրագրեր ընդգրկելու հարցում:

Վարչապետը տեղեկացրել է, որ մասնավորապես, մշակվում է ՀՀ քաղաքացիական ծառայության հայեցակարգը, վարչապետն ակնկալել է բրիտանական կողմի աջակցությունը հայեցակարգի ներդրմանն ուղղված լրացուցիչ տեխնիկական օժանդակության ցուցաբերման գործում:

Սարգսյանը նաև հավաստիացրել է, որ Հայաստանի կառավարությունը հնարավորինս կնպաստի Միացյալ Թագավորության և ՀՀ-ի միջև կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագրի ստորագրմանը, ինչը, ըստ նրա, լուրջ խթան կհանդիսանա մեր երկրի տնտեսվարող սուբյեկտների համար:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային հարցեր, մասնավորապես, անդրադարձ է եղել հայ-թուրքական հարաբերություններին: Հավաստելով առանց նախապայմանների Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման Հայաստանի հայտնի դիրքորոշումը, վարչապետ Տիգրան Սարգսյանը կարծիք է հայտնել, որ Միացյալ Թագավորությունը կարող է կարևոր դեր խաղալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում:

1993թ.-ից ի վեր Անկարայի նախաձեռնությամբ շարունակվում է Հայաստանի և Թուրքիայի սահմանների շրջափակումը, ինչն ամեն տարի Հայաստանի տնտեսությանը հասցնում է 500 մլն. դոլարի վնաս։--0—