Հայաստանը գործուն քայլեր է ձեռնարկում՝ ժողովրդավարության ամրապնդման վերաբերյալ ԵԽԽՎ պահանջներն իրագործելու համար. ԱԳՆ
Ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման վերաբերյալ ԵԽԽՎ պահանջներն իրագործելու համար Հայաստանը գործուն միջոցներ է ձեռնարկում, կարծում է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
«Արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ներառված են տարբեր կառույցների ներկայացուցիչներ, ներկայացված են առաջին եզրակացությունները։ Մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում», - հինգշաբթի ասաց նախարարը լրագրողներին։
ԵԽԽՎ ապրիլի նստաշրջանի ժամանակ ընդունվեց մի բանաձև, որով Հայաստանին առաջադրվեցին ժողովրդավարական ինստիտուտները ամրապնդելու մի շարք պահանջներ, իսկ դրանք մինչև ամառային նստաշրջանը չկատարելու դեպքում երկրին սպառնում է Վեհաժողովում ձայնի իրավունքից զրկվելը։
ԵԽԽՎ բանաձևի հեղինակները համարել են, որ Հայաստանին անհրաժեշտ է քաղաքական համակարգի բարեփոխում իրականացնել՝ հաշվի առնելով ընդդիմության կարծիքը, զբաղվել ընտրական համակարգի բարեփոխմամբ։
Միաժամանակ նախարարը հրաժարվեց կանխատեսումներ անել բանաձևի հետագա ճակատագրի վերաբերյալ։ Նրա կարծիքով, երբ Հայաստանին ներկայացված առաջարկությունները կատարվեն, ԵԽԽՎ-ն դրանց իր գնահատականը կտա։
ԵԽԽՎ բանաձևը Հայաստանում հետընտրական գործընթացների պատճառով ստեղծված ներքաղաքական իրավիճակի արձագանքն էր։ Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում Հայաստանի ընդդիմությունը բողոքի ցույցեր էր անցկացնում, որոնք մարտի 1-2-ին վերածվեցին իրավապահ մարմինների միջև բախումների՝ հանգեցնելով տասը զոհի և ավելի քան 100 մարդու ձերբակալության։-0-

