Երևանում զանգվածային անկարգությունների փաստով կալանքի տակ է գտնվում 54 մարդ. գլխավոր դատախազություն

Այս պահի դրությամբ 54 մարդ գտնվում է նախնական կալանքի տակ՝ Երևանում մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների կապակցությամբ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը։
Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։
Բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի։
Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու և կազմակերպելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ քրեական գործը գտնվում է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում։
Մամուլի քարտուղարի խոսքերով, ևս 30 մեղադրյալների նկատմամբ ընտրվել է կալանքի հետ կապ չունեցող այլ խափանման միջոց:
Մեկ անձ ձերբակալվել է իշխանության ներկայացուցչի կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու կասկածանքով:
«Մայիսի 12-ի դրությամբ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից դատարան է ուղարկվել 40 քրեական գործ՝ 43 անձի վերաբերյալ։ Եվս 9 քրեական գործ՝ 9 անձի վերաբերյալ դատարան է ուղարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից», - ասված է հաղորդագրությունում։
Նա նաև նշեց, որ ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով՝ նախաքննական մարմինը փոխել է մեղադրյալ ՀՀ խորհրդարանի նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանի նկատմամբ ընտրված միջոցը՝ կալանավորումը՝ նկատի ունենալով, որ նախաքննության ներկայիս փուլում նրան կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը վերացել է: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Բացի դրանից, քրեական վերաքննիչ դատարանի որոշմամբ նախնական կալանքի տակ գտնվող մեղադրյալ Տիգրան Բաղդասարյանի համար սահմանվել է 500.000 դրամի գրավ (1,6 հազ. դոլար)՝ կալանքի փոխարեն։-0-