Հայաստանի ԱԳՆ-ից հեռացված աշխատակիցների փաստաբանը վստահ է, որ կվերականգնվեն իր պաշտպանյալների իրավունքները

12.05.2008, 18:40
Հայաստանի ԱԳՆ-ից հեռացված աշխատակիցների փաստաբանը վստահ է, որ կվերականգնվեն իր պաշտպանյալների իրավունքները

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Փաստաբան Լևոն Բաղդասարյանը, ով պաշտպանում է ընդդիմությանը սատարելու համար աշխատանքից հեռացված ՀՀ ԱԳՆ աշխատակիցների խմբի շահերը, վստահ է, որ կվերականգնվեն իր պաշտպանյալների իրավունքները։

2008 թվականի փետրվարի 25-ին նախագահի հրամանագրով, 10 դիվանագետներ, այդ թվում ՀՀ ԱԳՆ 6 աշխատակից, հեռացվել են զբաղեցրած պաշտոններից «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքը խախտելու պատճառով, իսկ ոմանք էլ զրկվել են արտակարգ և լիազոր դեսպանի կոչումից այն բանից հետո, երբ հայտարարել են Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմությանը սատարելու մասին։

«Այս օրենքի համաձայն դիվանագետն աշխատանքից ազատվում է, եթե իր ծառայողական դիրքն օգտագործում է որևէ կուսակցության սատարելու համար կամ կրոնական կամ քաղաքական գործունեություն է իրականացնում, բայց այս փաստը ոչ ճիշտ է ներկայացվել հայ հասարակությանը»,- ասաց Բաղդասարյանը։

Նրա խոսքեորվ, տվյալ գործով նախնական հետաքննությունն արդեն ավարտված է, սակայն հետաքննության ընթացքում հեռացված աշխատակիցների մեղքն ապացուցող ոչ մի ապացույց չի ներկայացվել։ Գործն ուղարկվել է Հայաստանի Վարչական դատարան։

«Որպես ապացույց ներկայացվել է դիվանագետների փետրվարի 24-ի հայտարարությունը, որում դուք չեք գտնի որևէ կուսակցության սատարելու ինչ-որ ակնարկ։ Ավելին, դիվանագետներին ազատել են պաշտոնից՝ նույնիսկ առանց գրավոր բացատրություն պահանջելու։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ չի եղել այնպիսի խախտում, որի կապակցությամբ բացատրություն պահանջվեր»,- ասաց Բաղդասարյանը։

Փաստաբանը նշեց, որ եթե դիվանագետների մեղքն ապացուցվի դատարանում, ապա նրանք պատրաստ են կրել վաստակած պատիժը, հակառակ դեպքում մտադիր են պահանջել վերականգնել իրենց պաշտոններում։

Աշխատանքից ազատված արտաքին գործերի գերատեսչության մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն իր հերթին նշեց, որ իրենց գործով դրական որոշումը կարող է նախադեպ դառնալ «իրենց ղեկավարների հակաիրավական որոշումների զոհ դարձած» քաղաքացիական ծառայողների համար։-0-