Հայկական մշակույթի «Կարոտ» առաջին փառատոնը տեղի կունենա Մոսկվայում ՝ մայիսի 13-19-ը

12.05.2008, 15:25
Հայկական մշակույթի «Կարոտ» առաջին փառատոնը տեղի կունենա Մոսկվայում ՝ մայիսի 13-19-ը

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Մայիսի 13-19-ը Մոսկվայում տեղի կունենա  «Կարոտ». Հայկական մշակույթի օրեր Մոսկվայում» առաջին միջազգային փառատոնը, որը նվիրված է հայրենիքից հեռու ապրող բոլոր մարդկանց։

«Փառատոնը մտածված է այնպես, որպեսզի իր մեջ ներառի առավելագույն քանակով տարբեր միջոցառումներ։ Ի՞նչ է մշակույթը։ Դա և երաժշտություն է, և գրականություն, և գեղանկարչություն, և թատրոն, և կինեմատոգրաֆիա, և պար, և նույնիսկ խոհանոց։ Մենք փորձել ենք հաշվի առնել գրեթե ամեն ինչ»,- ասաց «Կարոտ» փառատոնի նախագահ Մեցո Իգիթյանը։

Ինչպես ասվում է փառատոնի պաշտոնական կայքում, «Կարոտը» միջազգային փառատոն է, որը պետք է դառնա ևս մեկ կարևոր քայլ՝ ազգերի մերձեցման ճանապարհին։

Փառատոնի շրջանակներում տեղի կունենան 15 տարբեր միջոցառումներ, որոնց թվում՝ Մոսկվայի հայկական թատրոնի «Ոտքի, դատարանն է գալիս» ներկայացումը՝ Պ. Զեյթունցյանի պիեսի հիման վրա, Սլ. Ստեփանյանի բեմադրությամբ (Ա.Ջիգարխանյանի թատրոն), պոեզիայի երեկո Գրականության կենտրոնական տանը, Գլինկայի անվան թանգարանում գեղարվեստական ցուցահանդես, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության սիմֆոնիկ-էստրադային նվագախմբի ելույթը, Պ. Սևակի «Անլռելի զանգակատուն» գրքի Ա. Սաղրատյանի թարգմանության շնորհանդեսը, «Հայորդիք» Մոսկվայի համույթի հոբելյանական համերգը, «Քրիստոնյա Հայաստան» ֆիլմի պրեմիերան՝ Կինոյի տանը և այլն։

Փառատոնի առանցքային իրադարձությունը «Կարոտ» մրցանակաբաշխությունն է և Կրեմլի պետական պալատում՝ գալա-համերգը։

Փառատոնում ենթադրվում է այնպիսի պատվավոր հյուրերի ներկայությունը, ինչպիսիք են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը, ՀՀ և ՌԴ մշակույթի նախարարներ Հասմիկ Պողոսյանը և Ալեքսանդր Սոկոլովը, Երևանի և Մոսկվայի քաղաքապետներ Երվանդ Զախարյանը և Յուրի Լուժկովը։

Նախատեսվում է նաև մշակույթի և արվեստի գործիչների՝ Արմեն Ջիգարխանյանի, Լև Դուրովի, Անդրեյ Բիտովի, Ջովանի Գուայտայի և Թամարա Գվերդցիտելիի մասնակցությունը։

Բազմաթիվ հյուրեր են սպասվում Հայաստանից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Բուլղարիայից, Իրանից, Վրաստանից և Ուկրաինայից։ Փառատոնի գլխավոր կազմակերպիչը Հայկական մշակույթի զարգացման հիմնադրամն է։--0—