Երևանում նշում են Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 63-րդ և Շուշիի ազատագրման 16-րդ տարեդարձները

12.05.2008, 12:17
Երևանում նշում են Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 63-րդ և Շուշիի ազատագրման 16-րդ տարեդարձները
Երևանում նշում են Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 63-րդ և Շուշիի ազատագրման 16-րդ տարեդարձները

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում մայիսի 9-ին նշեցին Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 63-րդ, ինչպես նաև Արցախի Շուշի բերդաքաղաքի և ԼՂՀ Պաշտպանության բանակի ստեղծման 16-ամյակը։

ՀՀ կառավարության անդամները՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՀՀ ԶՈՒ բարձրագույն ղեկավարության գլխավորությամբ մասնակցել են  Հաղթանակի ու խաղաղության տոնի և Շուշիի ազատագրման տոնական միջոցառումներին։

Միջոցառումը սկսվել է ղարաբաղյան պատերազմում զոհված ազատամարտիների «Եռաբլուր» պանթեոնին ծաղկեպսակներ դնելու արարողությամբ, այնուհետև կառավարության անդամներն ուղևորվել են Հաղթանակի զբոսայգի, որտեղ ծաղիկներ են դրել Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող «Անմար կրակի» մոտ։

Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանում հավատարմագրված դեսպանները և դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները՝ հարգանքի տուրք մատուցելով Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին։

Միջոցառման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են պատերազմի զոհերի հիշատակը, ինչից հետո տեղի է ունեցել հայ զինծառայողների և ռուս սահմանապահների մասնակցությամբ զորահանդես։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մայիսի 9-ին նշվել է եռակի տոն՝ Հայրենական Մեծ Պատերազմի հաղթանակի օրը, ԼՂՀ պաշտպանության բանակի ստեղծման և Շուշի քաղաքի ազատագրման 16-ամյակը։

Միջոցառումներին մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որը մայիսի 8-ին մեկնել էր Ստեփանակերտ՝ մայիսի 9-ի տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով։

Հանդիսավոր ժողովի մասնակիցների թվում էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, ՀՀ և ԼՂՀ կառավարության և խորհրդարանի անդամները, ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարության ներկայացուցիչները և հանրապետության մտավորականները։

Մինչև Ղարաբաղ մեկնելը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Հայրենական մեծ պատերազմի կոմիտեի և Վետերանների խորհրդի անդամների հետ։

Պետության ղեկավարը նշել է, որ «եթե չլիներ մեր պապերի օրինակը Հայրենական Մեծ պատերազմում, ամենայն հավանականությամբ, մենք չէինք կարողանա մեր նորագույն պատմության մեջ պաշտպանել մեր անկախությունն ու տարածքային ամբողջականությունը»։

«Անչափ երախտապարտ եմ ձեզ՝ ձեր ավանդի և այն աշխատանքի համար, որ պատերազմի ավարտից հետո և մինչ օրս կատարում եք՝ երիտասարդության կրթության և դաստիարակության գործում։ Ձեր անձնական փորձը շատ կարևոր է նրանց հայրենասիրական դաստիարակության համար»,- ասաց Սարգսյանը։

Այս պահին Հայաստանում բնակվում է Հայրենական մեծ պատերազմի 5600 վետերան։--0—