ՀՀ նախագահը շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմի վետերաններին՝ Հաղթանակի և խաղաղության օրվա կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին և Հայաստանի քաղաքացիներին՝ Հաղթանակի և խաղաղության օրվա առիթով։
«Հայրենական Մեծ պատերազմի հաղթական ավարտը բացառիկ իրադարձություն էր նաև մեր ժողովրդի կյանքում։ Հայության բոլոր հատվածներն իրենց զգալի դերակատարությունն ունեցան այդ հաղթանակը մոտեցնելու գործում՝ դաշնակիցների բանակներում, դիմադրության շարժումներում և հատկապես Խորհրդային բանակի շարքերում»,- ասվում է «Նովոստի-Արմենիա» փոխանցված ուղերձում։
Շնորհավորական ուղերձում Սերժ Սարգսյանը շեշտել է, որ «հսկայական զոհողությունների գնով ձեռք բերված խաղաղությունը մեր ժողովրդի համար բացեց ոչ միայն վերքերը բուժելու, այլև մեր երկիրը զարգացնելու նոր հորիզոններ»։
Նրա խոսքով, ներկայիս Հայաստանը շարունակությունն է այն հանրապետության, որ փրկվեց և բարգավաճեց՝ շնորհիվ հաղթանակը կերտողների սխրանքի։
Նախագահն ավելացրել է, որ 1992թ.-ից մայիսի 9-ը հայ ժողովրդի համար ձեռք է բերել կրկնակի խորհուրդ։ «Շուշիի ազատագրմամբ նոր սերունդն ապացուցեց, որ ինքն իր նախնիների հերոսական անցյալի արժանի ժառանգորդն է։ Շուշին դարձավ հայոց ազատասիրության, անկոտրում կամքի, ինչպես նաև փորձություններից պատվով դուրս գալու խորհրդանիշ»,-ասվում է ուղերձում:
Մայիսի 9-ին Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում նշում են ֆաշիստական Գերմանիայի նկատմամբ Հաղթանակի տոնը և Արցախի՝ մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Շուշիի ազատագրման 16-ամյակը։
«Այս տոնական օրը մենք ցավով, բայց հպարտությամբ ենք հիշում նրանց, ովքեր իրենց կյանքը դրեցին Հայրենիքի զոհասեղանին: Մեր հերոսների հիշատակը մենք միշտ վառ ենք պահելու»,- հայտարարել է Սարգսյանը:
Շնորհավորելով մայիսյան կրկնակի տոնի առթիվ՝ ՀՀ նախագահը բոլորին մաղթել է խաղաղ երկինք և մեր պատմական հաղթանակներին արժանի գործեր։--0—