ՀՀ վարչապետը շնորհավորել է հայրենակիցներին՝ Հաղթանակի օրվա առիթով

08.05.2008, 20:05
ՀՀ վարչապետը շնորհավորել է հայրենակիցներին՝ Հաղթանակի օրվա առիթով

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ քաղաքացիներին շնորհավորական ուղերձ է հղել՝ Հաղթանակի և խաղաղության օրվա առիթով։

«Այսօր մենք, աշխարհի բազմաթիվ ազգերի հետ մեկտեղ, տոնում ենք ֆաշիզմի դեմ պատմական հաղթանակի տարեդարձը, որը մեր ժողովրդի զավակների անձնվիրության, հայրենասիրության ու խիզախության շնորհիվ դարձել է նաև մերը»,- ասվում է վարչապետի ուղերձում, որը «Նովոստի-Արմենիային» տրամադրեցին կառավարության մամուլի ծառայությունից:

Սարգսյանը նշել է, որ հաղթանակի խորհուրդը բազմապատկվում է մեկ այլ փառավոր իրադարձությամբ` Շուշիի ազատագրմամբ։

«Տասնվեց տարի առաջ, ազատամարտի խրամատներում էր գրվում մեր նորօրյա հերոսապատումը»,- նշեց կառավարության ղեկավարը:

Նրա խոսքով, պարտադրված պատերազմում մեր ժողովուրդն ամրագրել է ազատության ու խաղաղ կյանքի իր իրավունքը:

«Այսօր իմ ամենաջերմ շնորհավորանքն եմ հղում պատերազմի վետերաններին, մեր ազատամարտիկներին ու  ամբողջ ժողովրդին  և հարգանքի տուրք մատուցում այդ հաղթանակների համար ընկածների հիշատակի առջև»,- նշվում է ուղերձում:

Մայիսի 9-ը Լեռնային Ղարաբաղում եռակի տոն է՝Համաշխարհայի Մեծ պատերազմի 63-ամյա հոբելյանը, ԼՂՀ Պաշտպանական բանակի ստեղծման 16-ամյակը և Շուշի բերդաքաղաքի ազատագրումը։-0-