ՀՀ ԱԺ խոսնակը շնորհավորել է ժողովրդին հաղթանակի և խաղաղության օրվա կապակցությամբ
ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը շնորհավորել է ժողովրդին հաղթանակի և խաղաղության օրվա կապակցությամբ։
«Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մեր ժողովրդի ամենասիրելի ու ամենաթանկ տոնի` Հաղթանակի ու խաղաղության օրվա առթիվ»,- ասվում է հինգշաբթի ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից «Նովոստի-Արմենիային» տրամադրած խոսնակի ուղերձում։
Ուղերձում նշվում է, որ Մայիսի 9-ը հայ ժողովրդի երեք սերունդների` հանուն ազատության ու խաղաղության հերոսական պայքարի մարմնացումն է, որի գագաթնակետը դարձել է Շուշիի և ողջ Արցախի ազատագրումը` հայ ժողովրդին վերադարձնելով արժանապատիվ կեցվածքն ու խաղաղ ապրելու և արարելու լիարժեք հնարավորությունը:
«Գլուխ խոնարհելով հանուն այս տոնի հերոսաբար ընկած զինվորների ու հրամանատարների հիշատակի առաջ, մենք իրավունք չունենք մոռանալու, որ այն կերտվել է միասնության, գիտակցված զրկանքների, նվիրումի և հայրենիքի նկատմամբ անսահման սիրո շնորհիվ»,- շեշտվում է ուղերձում:
Թորոսյանը երկրի քաղաքացիներին ցանկացել է նաև «նորանոր հաջողություններ ու հաղթանակներ` հանուն խաղաղության, մեր երկրի զորացման և մեր ժողովրդի բարեկեցության և երջանկության»։--0—

