Հունաստանում Հայաստանի դեսպանը ելույթ է ունեցել Պոնտոսի հույների ցեղասպանությանը նվիրված խորհրդաժողովում
Հունաստանում Հայաստանի դեսպան Վահրամ Կաժոյանը մասնակցել է Գերակայի քաղաքապետարանի կազմակերպած խորհրդաժողովին` նվիրված Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակմանը, որը կազմակերպվել էր «Պատմական հիշողության օրեր» մշակութային ծրագրի շրջանակներում:
Ինչպես «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, միջոցառման ընթացքում դեսպանը հանդես եկավ ելույթով, որի թեման էր «Հայերի և հույների համատեղ պայքարը անկախության համար և նրանց երազանքի ողբերգական վախճանը»:
Իր ելույթում Կաժոյանը կարևորել է միջազգային հանրության կողմից Օսմանյան Թուրքիայում հայ ժողովրդի, ինչպես նաև` Պոնտոսի հույների նկատմամբ իրականացված ցեղասպանության ճանաչման ու դատապարտման անհրաժեշտությունը, ինչը մեծապես կնպաստի նման ոճիրների կրկնության կանխարգելմանը:
Նա նշել է, որ ճանաչումը մերօրյա, դեպի Եվրոպական Միություն ձգտող Թուրքիային թույլ կտա թոթափելու մեղքի մեծ բեռն ու առաջ ընթանալու` ունենալով նորմալ հարաբերություններ իր անմիջական հարևաննների հետ:--0—