Հայաստանը պատրաստ է խորացնել համագործակցությունը մարդու իրավունքների եվրադատարանի հետ. ԱԳՆ

08.05.2008, 17:45
Հայաստանը պատրաստ է խորացնել համագործակցությունը մարդու իրավունքների եվրադատարանի հետ. ԱԳՆ
Հայաստանը պատրաստ է խորացնել համագործակցությունը մարդու իրավունքների եվրադատարանի հետ. ԱԳՆ

Հայաստանը պատրաստ է շարունակել և խորացնել համագործակցությունը մարդու իրավունքների Եվրոպական դատարանի հետ, երեկ Ստրասբուրգում Եվրադատարանի նախագահ Ժան-Պոլ Կոստայի հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ԱՀՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, Նալբանդյանը անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 14-րդ արձանագրությանը, որն ընդունվել է դատարանին լրացուցիչ դատավարական միջոցներով և ճկունությամբ օժտելու,  դիմումները խելամիտ ժամկետներում քննարկելու ևկարևոր գործերի վրա քննությունը կենտրոնացնելու հնարավորություն ստեղծելու նպատակով։

Է. Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանն առաջին երկրների շարքում է, որ վավերացրել է 14-րդ արձանագրությունը և կարևորում է արձանագրության շուտափույթ ուժի մեջ մտնելը։

Նույն օրը Եվրախորհրդի հանձնակատար Թոմաս Համարբերգի հետ հանդիպմանը ՀՀ ԱԳ ղեկավարը, գոհունակություն հայտնելով մարդու իրավունքների հարցով ԵԽ-ի, մասնավորապես  Մարդու իրավունքների հանձնակատարի հետ համագործակցության մակարդակից, նշել է, որ ՀՀ կառավարությունը ուշադրությամբ է մոտենում ս.թ. մարտի 14-16-ին հանձնակատարի Հայաստան կատարած այցի ընթացքում վերջինիս կողմից ներկայացված առաջարկներին և նկատի է առնում դրանք:

Նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ ԵԽԽՎ 1609 բանաձևում ամփոփված առաջարկությունների իրագործման համակարգման նպատակով։

Նալբանդյանը հայտնել է, որ խմբին հանձնարարված է կարճ ժամկետում առաջարկություններ ներկայացնել առաջիկա քայլերի մասին։ Հարցի կապակցությամբ Հայաստանի քաղաքական կոալիցիան նույնպես հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ պատրաստակամություն է հայտնում հետևողականորեն իրագործելու նախընտրական ծրագրերում, կոալիցիոն համաձայնագրում, կառավարության գործունեության ծրագրում և ԵԽԽՎ թիվ 1609 բանաձեւում ամրագրված խնդիրների լուծմանն ուղղված բարեփոխումները:

ԵԽԽՎ ապրիլի նստաշրժանի ժամանակ ընդունվեց մի բանաձև, որով Հայաստանի առաջադրվեցին ժողովրդավարական ինստիտուտները ամրապնդելու մի շարք պահանջներ, իսկ դրանք մինչև ամառային նստաշրջանը չկատարելու դեպքում երկրին սպառնում է Վեհաժողովում ձայնի իրավունքից զրկվելը։ ԵԽԽՎ բանաձևը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի արձագանքն էր, երբ փետրվարի 20-ից ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների կողմից անցկացվող բողոքի ցույցերը Երևանում վերածվեցին իրավապահների հետ բախումների, որոնց հետևանքով եղան զոհեր և զանգվածային ձերբակալություններ։ Իսկ Երևանում 20 օր ժամկետով արտակարգ դրություն հայտարարվեց։--0-