Հայկական բանակը պատրաստ է հակահարված տալ ցանկացած սպառնալիքի, որտեղից էլ որ այն գա

Հայաստանի նկատմամբ ցանկացած ագրեսիա, որտեղից էլ որ այն գա, հակահարված կստանա, հայտարարեց գեներալ-գնդապետ, ՀՀ նախագահի նախկին խորհրդական Գուրգեն Դալիբալթայանը։
«Վստահ եմ, որ եթե թշնամին ևս մեկ անգամ փորձ անի հարձակվել մեր պաշտպանական դիրքերի վրա՝ նա արժանի հարված կստանա»,- ասաց գեներալը հինգշաբթի՝ Շուշի քաղաք-ամրոցի ազատագրմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
Դալիբալթայանի խոսքով, հայկական բանակները պատրաստ են պաշտպանվելու, և բանակի ռազմական պատրաստվածությունը բարձր մակարդակի վրա է։
Միաժամանակ, խոսելով 16 տարի առաջ տեղի ունեցած Շուշիի ազատագրման և ղարաբաղյան պատերազմի մասին, նա նշեց, որ այս պատերազմին մասնակցել է ողջ հայ ժողովուրդը։
«Մասնակցել են բոլոր հայերը՝ Ղարաբաղից, Հայաստանից և սփյուռքից։ Մեկը գնացել է ճակատամարտ, իսկ մյուսն՝ աջակցել բարոյապես կամ ֆինանսապես»,- ասաց Դալիբալթայանը։
Գեներալ-գնդապետը, որը Շուշիի ազատագրման «Հրազդան» ռազմական գործողությունների պլանի համահեղինակն է, նշեց, որ քաղաք-ամրոցը գրավելու գործողության ժամանակ, որը տևեց 10 օր, հայկական բանակը կորցրել է ընդամենը 35 մարդ։
«Մեր կամավորականները շատ խիզախ են կռվել, չմտածելով, որ կարող են սպանվել։ Նման լայնամասշտաբ գործողության համար 10 օրը շատ լավ տեմպ է, և 35 մարդը մեծ կորուստ չէ, թեև, իհարկե, նրանցից յուրաքանչյուրը մեզ համար թանկ էր»,- ասաց գեներալը։
Մայիսի 9-ին Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում նշվելու է ԼՂՀ պաշտպանության բանակի ստեղծման 16-ամյակը և Շուշիի ազատագրման օրը։
Մայիսի 9-ին ԼՂՀ ղեկավարության ներկայացուցիչները, ԼՂՀ պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմը, մտավորականությունը, կազմակերպությունների աշխատակազմերը, հանրապետության ձեռնարկությունների և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները կայցելեն մայրաքաղաքի Հուշահամալիր, և իրենց հարգանքի տուրքը կմատուցեն Հայրենական Մեծ պատերազմի և Ղարաբաղյան պատերազմի զոհերի հիշատակին։
Ստեփանակերտի տոնական միջոցառումներին մասնակցելու է նաև հայկական պատվիրակությունը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ։--0—