Եվրամիությունը հետևում է Հայաստանի հետընտրական գործընթացներին

08.05.2008, 11:53
Եվրամիությունը հետևում է Հայաստանի հետընտրական գործընթացներին
Եվրամիությունը հետևում է Հայաստանի հետընտրական գործընթացներին

Եվրամությունը շարունակում է  ուշադրության կենտրոնում պահել Հայաստանի ընտրական ու հետընտրական գործընթացները, չորեքշաբթի ասել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին՝ ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հետ հանդիպման ժամանակ։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ։ Բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով Գլխավոր դատախազության տվյալներով տուժել է 265 մարդ, տասը մարդ զոհվել է։ 100-ից ավելին կալանավորված են։

«Եվրամիությունը կարևորում է քաղաքական գործունեության պատճառով կալանավորված անձանց ազատ արձակումն ու հանրահավաքների սահմանափակման վերացումը, երկրում բևեռացման թուլացման նպատակով հասարակության տարբեր շահագրգիռ խմբերի միջև երկխոսությունը», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը մեջբերեցին Սեմնեբիի խոսքերը ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

ԵՄ հատուկ ներկայացուցչի խոսքերով, քաղաքական բանավեճի կայացման համար անհրաժեշտ է հիմքերի ստեղծումը` որպես այդպիսին նշելով մարտի 1-ի և դրան հաջորդած դեպքերի անկախ հետաքննության անցկացումը, որի շուրջ տարբեր առաջարկություններ են հնչել` թե Աժ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման, թե ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներգրավման առնչությամբ:

ԵՄ հատուկ ներկայացուցչի կարծիքով, Ազգային ժողովը մեծ դերակատարություն կարող է ունենալ ոչ միայն այդ հարցում, այլև` երկխոսության կայացման, թեպետ քաղաքական որոշ ուժեր, որ երկխոսությանը պիտի մասնակցեն, խորհրդարանից դուրս են:

Սեմնեբին, որ մինչ այդ հանդիպել էր ՀՀ նախագահի նախկին թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, նշել է, որ իր տպավորությամբ, անցած հանդիպման համեմատ որոշակի փոփոխություններ են եղել` պատրաստակամություն կա ներգրավվել բուն քաղաքական գործընթացներում: Սեմնեբիի գնահատականով` շատ կարևոր է, որ երկխոսությունը կայանա քաղաքական մեծամասնության հետ:

ԵՄ հատուկ ներկայացուցչի խնդրանքով, Աժ նախագահը ներկայացրել է իր տեսակետները՝ նշելով, որ Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումների փոփոխությունը երևաց նաև կոնգրեսի ժամանակ, և դա բնական է, որովհետև որոշակի ժամանակ է անցել։

Միաժամանակ, Թորոսյանի խոսքերով, ընդդիմությունը շարունակում է մեղադրել բոլորին` սկսած Հայաստանի իշխանություններից, վերջացրած եվրոպական կառույցներով և շարունակում է նենգափոխել ակնհայտ փաստերը։

Աժ նախագահը նշել է, որ ՀՀ օրենսդրությամբ գոյություն չունի քաղաքական գործունեության համար ձերբակալություն, դա լավ գիտեն իրավապահ մարմինները, և եթե գործերի հետաքննության արդյունքում պարզվի, որ մարդիկ քաղաքական հայացքների համար են ձերբակալվել, կպատժվեն իրավապահները:

Անդրադառնալով երկխոսության կայացմանը` Աժ նախագահը կարևորել է, որ այն չլինի վերացական և հստակ սահմանվի` ովքեր ու ինչ խնդրի շուրջ պիտի բանակցեն։

Բացի այդ խորհրդարանի խոսնակը կարծում է, որ երկխոսությունը չի կարող նախապայմաններ ունենալ:

Խոսելով անկախ հետաքննության անցկացման մասին՝ խոսնակը նշել է, որ մարտի 1-ի դեպքերի հետաքննությամբ զբաղվող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու տարբերակը դեռ քննարկվում է Աժ քաղաքական խմբակցությունների հետ։

Աժ նախագահը համաձայնել է, որ ոչ բոլոր քաղաքական ուժերն են ԱԺ-ում ներկայացված, բայց նաև հիշեցրել է, որ Սահմանադրության բարեփոխումների նպատակով Աժ-ում դարձյալ ստեղծվել էր ժամանակավոր հանձնաժողով, որի աշխատանքներին մասնակցում էին այլ քաղաքական ու հասարակական կազմակերպություններ։-0-