2010թ.-ից Հայաստանում նախատեսվում է ներդնել կենսաչափական անձնագրեր
2010 թվականից Հայաստանում նախատեսվում է ներդնել կենսաչափական անձնագրերի և քարտերի համակարգ, ասաց ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության պետ Ալվինա Զաքարյանը։
«Նոր անձնագրային համակարգը նախատեսում է արտասահմանյան անձնագրի առկայություն, որը կստանան այն քաղաքացիները, որոնք մտադիր են անցնել Հայաստանի պետական սահմանը՝ արտասահման այցելելու համար, ինչպես նաև ներպետական գործածության քարտեր»,- ասաց նա լրագրողներին չորեքշաբթի։
Զաքարյանի խոսքով, բիոմետրիկ անձնագրերը և քարտերը ունենալու են հատուկ չիպեր, որոնց վրա գրանցվելու է ողջ անձնագրային տեղեկատվությունը, ինչպես նաև անձնագրի տիրոջ լուսանկարը և մատնահետքերը։
«ՀՀ քաղաքացիները կարող են բիոմետրիկ քարտերը Հայաստանի ներսում օգտագործել որպես անձը հաստատող փաստաթուղթ, որը իրավունք է տալիս հանրապետության տարածքում կատարել ցանկացած տեղաշարժ կամ գործարք»,- պարզաբանեց նա։
Այս կապակցությամբ Զաքարյանն ավելացրեց, որ գործող անձնագրերը պահպանվելու են մինչև վավերականության ժամկետի ավարտը և 2010 թվականից հետո փոխարինվելու են բիոմետրիկ փաստաթղթերով։
Ավելի վաղ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արարատ Մահտեսյանը հայտարարել էր, որ բիոմետրիկ փաստաթղթերի ներդրման հետ կապված Ոստիկանությանը կից ստեղծվելու է Քաղաքացիության և միգրացիայի դեպարտամենտ։--0—