Հայաստանում ժողովրդավար հասարակության կայացման համար ժամանակ է անհրաժեշտ. պատգամավոր
Հայաստանում ժողովրդավարական հասարակություն ձևավորելու համար որոշ ժամանակ է պետք, կարծում է Հայաստանի խորհրդարանի ՀՅԴ պատգամավոր, գրող Ալվարդ Պետրոսյանը։
«Մենք բավականին երկար ենք ապրել տոտալիտար ռեժիմում, և ես չեմ հավատում, որ հասարակությունն այդպես շուտ կարողացավ ազատ ու ժողովրդավար դառնալ»,- չորեքշաբթի մամուլի ազգային ակումբում ասաց Պետրոսյանը։
Նրա խոսքերով, քաղաքական վերնախավի վարքագիծը կարող է հասարակության մոտ ժողովրդավարության հանդեպ հիասթափություն առաջացնել։
«Ինչպես մենք հիասթափվեցինք սոցիալիզմի հիանալի գաղափարից, այնպես էլ կարող ենք հիասթափվել ժողովրդավարությունից։ Մենք հեղափոխություն արեցինք «վերևից», այնինչ այդ գործընթացին չմասնակցեցին հասարակության լայն շերտերը, իսկ հետո մեր քաղաքականության մեջ ցինիզմ մտցրեցին»,- ասաց Պետրոսյանը։
Նա նշեց, որ Հայաստանի ներկա քաղաքական վերնախավը կայուն և մշտական գաղափարախոսություն չունի։
«Մարդիկ, որոնք նախկին կոմունիստներ են, շատ հաճախ մի կուսակցությունից մյուսն են անցնում։ Ինչո՞վ է դա բացատրվում՝ գաղափարախոսության առատությունի՞ց, թե՞ ընդհանրապես գաղափարախոսության բացակայությունից։ Մեր երկրի քաղաքական վերնախավը մշտապես փորձում է հասնել մոդայիկ տենդենցների հետևից՝ չունենալով կայուն գաղափարախոսություն»,- ընդգծեց Պետրոսյանը։-0-