Հայաստանից չվերթների գերակշռող մասը իրականացվում է դեպի Եվրոպա. հետազոտություն

07.05.2008, 15:27
Հայաստանից չվերթների գերակշռող մասը իրականացվում է դեպի Եվրոպա. հետազոտություն
Հայաստանից չվերթների գերակշռող մասը իրականացվում է դեպի Եվրոպա. հետազոտություն
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի չվերթների  91 տոկոսն իրականացվում է դեպի եվրոպական երկրներ։ Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց CAPS/USAID ծրագրի քաղաքական և իրավական հարցերի խորհրդատու Արսեն Նազարյանը՝ ներկայացնելով Հայաստանի օդային փոխադրամիջոցների մրցունակության հետազոտության նախնական տվյալները։

Նրա խոսքերով, հետազոտության համաձայն, չվերթների 5 տոկոսը Հայաստանից իրականացվում են դեպի Մերձավոր Արևելք և 4 տոկոսը՝ Ասիայի երկրներ։

«Չվերթների մեծամասնությունը կարճ կամ միջին հեռավորություն ունեն, ընդ որում հետազոտության ժամանակ հաշվի են առնվում միայն կանոնավոր չվերթները, դրա հետ մեկտեղ գրանցված է, որ Մոսկվայի ուղղությամբ ամենամեծ կենտրոնացումն է բոլոր ավիաընկերությունների կողմից»,- ասաց Նազարյանը։

Ինչպես նշեց փորձագետը, Հայաստանից թռիչքների 39 ուղղություններից 29-ը սպասարկվում է մեկ ավիափոխադրողի՝ հայկական «Արմավիա» ընկերության կամ որևէ այլ արտասահմանյան ավիաընկերության կողմից։

«Ամբողջ ցուցակից միայն 10 ուղղությունները սպասարկվում է 2 ավիափոխադրողի կողմից, ընդ որում միայն Երևանից Մոսկվա չվերթները սպասարկվում են 4 տարբեր ավիաընկերությունների կողմից»,- ասաց Նազարյանը։

Խոսելով չվերթների հաճախականության մասին, նա նշեց, որ աշխարհի միայն չորս օդանավակայաններում է դեպի Հայաստան չվերթը կազմում շաբաթական 7 և ավել անգամ, ընդամենը երկու ուղղություններով՝ շաբաթական 5-6 անգամ։

Տարբեր երկրների 13 օդանավակայաններից դեպի Հայաստան իրականացվում է շաբաթական 3-4 չվերթ, 20 օդանավակայաններից՝ 1-2 կանոնավոր չվերթ։

«Փաստորեն, Հայաստանում օդային հաղորդակցման ընդամենը վեց զարգացած շուկա կա, քանի որ միայն վեց օդանավակայան սպասարկում է շաբաթական հինգ չվերթից ավել հանրապետության ուղղությամբ, ընդ որում դրանցից երեքը մոսկովյան օդանավակայններ են, ինչը վկայում է երկրի վատ կապերի մասին»,- ասաց Նազարյանը։

Հայաստանի օդային տրանսպորտի մրցունակության հետազոտումը անցկացվել է անկախ միջազգային փորձագետների կողմից Հայաստանի մրցունակ մասնավոր հատվածի ծրագրի ֆինանսավորմամբ (Competitive Armenian Private Sector – CAPS/USAID)։

Հետազոտությունն անցկացվել է 2008 թվականի ապրիլ-մայիսին, դրանում ներկայացված են Հայաստանի և այլ երկրների օդային փոխադրամիջոցի ոլորտում համեմատական տվյալները։

Հետազոտության առաջին մասը վերաբերում է ինստիտուցիոնալ համակարգին, ոլորտի կառավարմանը, այս ոլորտում գործող մարմիններին ու նրանց կատարած գործառույթներին։ Հետազոտության երկրորդ մասում ներկայացված է ավիափոխադրությունների շուկան և գնահատված են  փաստացի չվերթների հնարավորությունը՝ ինքնաթիռների բեռնվածությունն ու չվերթների հաճախականությունը։-0-