Ընտրական օրենսդրությունը բարեփոխելու նպատակով Հայաստանում ստեղծվել է աշխատանքային խումբ

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ խորհրդարանում երեքշաբթի աշխատանքային խումբ է ստեղծվել երկրի ընտրական օրենսդրությունում բարեփոխումներ կատարելու մասին առաջարկներն ուսումնասիրելու նպատակով։
Ինչպես «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, աշխատանքային խումբը ստեղծվել է ՀՀ նախագահի ընտրությունների առնչությամբ ընտրական գործընթացների բարելավման վերաբերյալ միջազգային և մասնագիտական կազմակերպությունների արձանագրած առաջարկությունների ուսումնասիրման և ՀՀ Ընտրական օրենսգրքի ու ընտրական գործընթացների կատարելագործման համար Ազգային ժողովին առաջարկություններ ներկայացնելու նպատակով:
Աշխատանքային խմբի ղեկավարը, ինչպես նշվում է հաղորդագրությունում, դարձել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը։
Աշխատանքային խմբի կազմի մեջ մտնում են մեկական պատգամավոր յուրաքանչյուր խմբակցությունից, ինչպես նաև խորհրդակցական ձայնի իրավունքով ընդգրկվել են ԿԸՀ-ի և ԱԺ աշխատակազմի աշխատակիցներ։
Բոլոր քաղաքական և մասնագիտական կազմակերպությունները, որոնք դիմումներ կներկայացնեն մինչև 2008թ. մայիսի 15-ը, նույնպես կընդգրկվեն աշխատանքային խմբում։
Օրենսդրական գործընթացների բարելավման վերաբերյալ մշակված առաջարկությունները պետք է Ազգային ժողովին ներկայացվեն մինչև հունիսի 20-ը:--0—