Հայաստանը Իրանին համարում է բարեկամական եկիր. Հայաստանի ԱԳՆ

06.05.2008, 12:04
Հայաստանը Իրանին համարում է բարեկամական եկիր. Հայաստանի ԱԳՆ
Հայաստանը Իրանին համարում է բարեկամական եկիր. Հայաստանի ԱԳՆ

Հայաստանը Իրանին դիտում է  որպես բարեկամ երկիր, հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը, որում հայ-իրանական հարաբերությունների զարգացման որոշակի քննադատություն կա։

«Հայաստանը Իրանը դիտում է որպես հարևան և բարեկամ երկիր, ուր կա նաև պատմականորեն ձևավորված հայկական մեծ համայնք: Մեր հարաբերությունները Իրանի հետ, որոնք ուղղված չեն որևէ երկրի դեմ, կրում են երկկողմ համագործակցության բնույթ, ինչը, կարծում եմ, բնական է հարևան երկրների համար: Հայաստանը ձգտում է նման հարաբերություններ հաստատել իր բոլոր հարևանների հետ»,- ասված է երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը Հայաստանի արտաքին գործերի գերատեսչության մամուլի և տեղեկատվության վարչության կողմից տրամադրված՝ Տիգրան Բալայանի հայտարարության մեջ։

ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցում նշվում է Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների սերտացումը, մասնավորապես, հիշատակվում է Իրանի նախագահի՝ Հայաստան կատարած այցը 2007 թվականի հոկտեմբերին և Իրանի պաշտպանության նախարարի՝ Հայաստանի մայրաքաղաք ժամանելը։

Փաստաթղթում ընդգծվում է, որ բացի առավել սերտ դիվանագիտական հարաբերությունների խթանումից, այդ այցերն ամրապնդել են համատեղ էներգետիկ ու տրանսպորտային ծրագրերի երկկողմ պարտավորությունները։ Պետդեպարտամենտում կարծում են, որ նման սերտ համագործակցությունը ստիպում է Հայաստանին՝ ձեռնպահ մնալ Իրանի վարքագծի քննադատությունից։

Բալայանը մեկնաբանեց նաև զեկույցի այն դրույթները, որոնցում խոսվում է Հայաստանում կոռուպցիայի խնդիրների մասին։

«Կոռուպցիայի դեմ պայքարը շարունակական և հետևողական աշխատանքներ պահանջող խնդիր է»,- նշեց ԱԳՆ ներկայացուցիչը։

Նա հիշեցրեց, որ մի քանի տարի առաջ մշակվեց և սկսվեց իրականացվել հակակոռուպցիոն ազգային ռազմավարությունը, որի որոշ դրույթներ այժմ վերանայվում են:

«Նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի առանցքային դրույթներից էր  կոռուպցիայի դեմ պայքարը, և ուստի Հայաստանի կառավարությունը վճռական է այդ արատավոր երևույթի դեմ պայքարելու հարցում»,- ասաց Բալայանը։

Նրա խոսքերով Հայաստանը միացել է մի շարք միջազգային փաստաթղթերի` կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիային, ԵԽ շրջանակներում մի շարք փաստաթղթերի, որոնք ուղղված են կոռուպցիայի դեմ պայքարին և այդ գործընթացի նկատմամբ վերահսկողությանը: «Հայաստանը շարունակելու է իր ջանքերը կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար մղելու ուղղությամբ»,- նշեց Բալայանը:

ԱԳՆ ներկայացուցիչը նաև հայտնեց, որ Պետդեպարտամենտի զեկույցում առկա քննադատությունը հայկական կողմի մոտ մտահոգություն է առաջացնում։-0-