Երևանում հոկտեմբերին ծրագրվում է անցկացնել հայ և ռուս սրտաբանների սեմինար

05.05.2008, 11:02
Երևանում  հոկտեմբերին ծրագրվում է անցկացնել հայ և ռուս սրտաբանների սեմինար
Երևանում  հոկտեմբերին ծրագրվում է անցկացնել հայ և ռուս սրտաբանների սեմինար

2008 թ.-ի հոկտեմբերին Հայաստանում ծրագրվում է անցկացնել սեմինար սրտաբանության բնագավառում՝ հայ և ռուս մասնագետների մասնակցությամբ։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ տեղեկացրեց «Էկոֆլոն» գիտաարտադրական համալիր ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վալերի Դյակովը, այդ միջոցառմանը մասնակցելու համար ենթադրվում է հրավիրել Ռուսաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսներին և սիրտ-անոթային վիրաբուժության առաջատար մասնագետներին։

«Սեմինարի ընթացքում մենք ծրագրում ենք քննարկել ռուս և հայ վիրաբույժների համար հրատապ խնդիրները, մասնավորապես, իմպլանտացիայի, ինչպես նաև վիրաբուժության այլ տեսակներում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման հետ կապված խնդիրներ», - ասաց նա։

Բացի դրանից, Դյակովի խոսքերով, հայ սրտաբանները ցանկություն են հայտնել ձեռք բերել ընկերության արտադրանքը, մասնավորապես, արյունատար անոթների պրոթեզներ, սիրտ-անոթային թաղանթեր՝ նյութեր, որոնք նպաստում են սրտի  անոթների վնասված հյուսվածքի վերականգնմանը, ինչպես նաև սրտապարկի փոխարինման համար արհեստական նյութեր։

«Այսօր Հայաստանի մասնագետները օգտվում են ամերիկյան թանկարժեք արտադրանքից, մինչդեռ ռուսական կողմն առաջարկում է իր ոչ պակաս որակյալ արտադրանքը, ընդ որում գնային առումով երկու-երեք անգամ ավելի ցածր, քան ամերիկյան արտադրողների արտադրանքը», - պարզաբանեց նա։

Դյակովը նաև նշեց, որ ոչ պակաս արդյունավետ կարող է լինել համատեղ գիտական հետազոտությունների անցկացման ուղղությամբ հայ գործընկերների հետ համագործակցությունը։

«Մեր ընկերությունը զբաղվում է սրտի անոթների պրոթեզների արդիականացմամբ, իսկ Հայաստանում, որտեղ սրտաբանության ուղղվածությունը բավականին հաջող կերպով զարգանում է, կան դրանց որակների բարելավման ուղղությամբ դրական առաջարկներ», - ասաց նա։

Միաժամանակ Դյակովը ավելացրեց, որ հայ գործընկերների հետ հաջող համագործակցության դեպքում «Էկոֆլոն» ընկերությունը քննարկում է Հայաստանում ներկայացուցչության բացման հնարավորությունը։

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշքյանն իր հերթին դրական բնութագրեց «Էկոֆլոն» ընկերության հետ հնարավոր համագործակցությունը։

«Մենք մտադիր ենք համագործակցության ծրագիր մշակել՝ ինչպես ընկերության արտադրանքի գնման, այնպես էլ համագործակցողների պրոֆեսիոնալ ներուժի օգտագործման ուղղությամբ, որոնք կարող են հայ բժիշկներին օգնություն և աջակցություն ցուցաբերել՝ վիրաբուժական վիրահատությունների ժամանակ որակի ապահովման տեսանկյունից», - հայտարարեց նա։

Սկսած 1996 թ.-ից Սանկտ-Պետերբուրգի «Էկոֆլոն» ընկերության արտադրանքն իր կիրառումն է գտնում Ռուսաստանում և աշխարհի այլ երկրներում։ Ընկերությունը, մասնավորապես, մասնագիտանում է արյունատար անոթների պրոթեզների, սիրտ-անոթային հյուսվածքների, տարբեր տեղայնացման ճողվածքների վիրաբուժական բուժման համար նախատեսված իմպլանտատների, ինչպես նաև սկլերոպլաստիկայի համար նախատեսված իմպլանտատների արտադրության մեջ։--0-