Հայաստանի պաշտպանության նախարարը շրջայց է կատարել երկրի հյուսիս-արևելյան մասի զորամասեր
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նախօրեին այցելեց երկրի հյուսիս-արևելյան մասում՝ Ադրբեջանի հետ սահմանին տեղակայված զորամասեր և մարտական դիրքեր։
«Այստեղ է գտնվում հակառակորդի կողմից դիտարկվող հայկական բնակավայրերի ամենամեծ մասը, որոնք այս կամ այն պատճառով կարող են գնդակոծության ենթարկվել»,- ասաց Օհանյանը լրագրողներին՝ հայկական բանակի առաջնային դիրքեր կատարած այցից հետո։
Նրա խոսքերով, հանրապետության նախագահը հանձնարարել է քննել ինժեներական կառույցների կատարելագործման աշխատանքերի արդյունքները, հանդիպել տեղի բնակիչներին, քննարկել պաշտպանական խնդիրների վերաբերյալ նրանց հուզող հարցերը և համապատասխան որոշումներ կայացնել։
«Մենք եղանք առաջնային դիրքերում, և տեղում էլ որոշում կայացվեց մի շարք բնակավայրերի պաշտպանունակության ամրապնդման վերաբերյալ։ Այսինքն, մենք կավելացնենք որոշ ինժեներական կառույցներ՝ հուսալիությունը մեծացնելու համար»,- ասաց պաշտպանության նախարարը։
Օհանյանն ընդգծեց, որ զորամասեր ու զինվորական միավորումներ կատարած այցի, ինչպես նաև տեղի ղեկավարության հանդիպումների ժամանակ համապատասխան եզրակացություններ արվեցին՝ Հայաստանի Զինված ուժերի առջև դրված խնդիրները լուծելու համար։-0-