Ղարաբաղի հարցի կարգավորման փաստաթղթում Ղարաբաղի կարգավիճակի մասին հանրաքվե է նախատեսվում. ՀՀ ԱԳ նախարար
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ այսօր քննարկվող փաստաթղթում նախատեսվում է հանրաքվե անցկացնել Ղարաբաղի կարգավիճակը որոշելու մասին, չորեքշաբթի հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
«Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի առանցքը Ղարաբաղի կարգավիճակն է։ Բանակցությունների հիմքում դրված է մի փաստաթուղթ, որի համաձայն ԼՂՀ կարգավիճակը պետք է որոշվի հանրաքվեի միջոցով, ինչը Ղարաբաղի ժողովրդին թույլ կտա ԼՂՀ կարգավիճակի վերաբերյալ ազատ արտահայտել իր կամքը»,- ասաց Նալբանդյանը՝ ՀՀ ԱԺ-ում կառավարական ժամի ընթացքում։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

