Հայաստանի խորհրդարանը Ղարաբաղի մասին հայտարարություն ընդունեց

ՀՀ խորհրդարանը երեքշաբթի ընդունեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտարարություն, որում մտահոգություն է հայտնվում այդ խնդրի շուրջ տեղի ունեցող գործընթացների կապակցությամբ։
Փաստաթուղթն ընդունել են խորհրդարանի բոլոր խմբակցությունները, բացի «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունից, որը չի մասնակցել քվեարկությանը։
Ինչպես տեղեկացրեց ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը, փաստաթղթի սկզբնական օրինակում երկու ավելացում է մտցվել, որոնց համաձայն, Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է, և խաղաղ բանակցությունները հակամարտության կարգավորման միակ ճանապարհն են։
Հայաստանի Ազգային ժողովը նախագահին և կառավարությանը առաջարկում է ակտիվացնել և ընդլայնել Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ միջազգային հանրությանը լիրաժեք տեղեկացնելուն ուղղված միջոցառումների մշակման և իրականացման ջանքերն ու հնարավորությունները:
Առաջարկությունների թվում է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանն ուղղված հայաստանյան քաղաքականությանը հաղորդել ավելի նախաձեռնողական բնույթ, ինչպես նաև միջազգային իրավունքի շրջանակներում ձևակերպել այն իրավական հիմքերը, որոնք Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի կամ այլ բռնի միջոցների կիրառման դեպքում Հայաստանի Հանրապետությանը հնարարվորություն կտան ապահովել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիարժեք անվտանգությունն ու պաշտպանությունը։
Փաստաթղթում նշվում է, որ հայկական կողմը «վտանգավոր է համարում հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի խափանման նպատակ հետապնդող՝ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների շարունակական ռազմատենչ, հայատյաց քարոզչությունը, և դրա կապակցությամբ միջազգային հանրության մտահոգության անհասցեականությունը»։
Փաստաթղթում նշվում է, որ «Ադրբեջանի անթաքույց քայլերը՝ հակամարտության կարգավորման խաղաղ բանակցությունների գործընթացը խափանելու, նավթային ֆինանսական հոսքերի հաշվին ռազմական գերակշռության հասնելու և ռազմական միջոցներով խնդիրը լուծելու ուղղությամբ, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նկատմամբ շանտաժը՝ անվստահություն արտահայտելու և խնդրի կարգավորման քննարկումներն այլ կազմակերպություններ տեղափոխելու սպառնալիքների ուղեկցությամբ»։
Հայ խորհրդարանականները կարծում են, որ միջազգային տարբեր ատյաններ տարբեր պատճառներով ոչ համարժեք կերպով են արձագանքում Ադրբեջանի քայլերին՝ հաճախ անհասցե հայտարարություններ անելով ռազմական քարոզչության դեմ՝ չբարձրաձայնելով, թե ում կողմից է այն արվում։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-