Հայ ձեռնարկատերը վերականգնել է պետությանը պատճառած 390 հազ. դոլարի վնասը

29.04.2008, 12:23
Հայ ձեռնարկատերը վերականգնել է պետությանը պատճառած 390 հազ. դոլարի վնասը

Պետությանը 120 մլն դրամի (390 հազ. ԱՄՆ դոլար) չափով նյութական վնաս պատճառելու մեջ մեղադրվող հայ ձեռնարկատեր Մարտին Սուքիասյանն իրեն մեղավոր է ճանաչել և ամբողջովին վերականգնել է վնաստը, երկուշաբթի տեղեկացրեցին ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։

«Հաշվի առնելով այդ փաստը՝ նախաքննական մարմինը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը, փոխել է նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը», - ասվում է «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված Գլխավոր դատախազության տեղեկատվության մեջ։

Մարտին Սուքիասյանը  ձերբակալվել է 2007 թ. նոյեմբերի 6-ին, իսկ 2007 թ. նոյեմբերի 9-ին նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի  178-րդ հոդվածի  3-րդ մասի  1-ին  կետով (խարդախություն խորոշ չափերով),  215-րդ հոդվածի  1-ին  մասով (մաքսանենգություն) և 325-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը): Նույն օրը նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառվել է կալանավորումը:

«Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Մարտին Սուքիասյանը, հանդիսանալով «Սիլվիա» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն, կնքել է ապրանքների մատակարարման կեղծ պայմանագրեր ՌԴ «Տերա-Կամա» և ՀՀ-ում գրանցված «Նամյու» ՍՊ ընկերությունների տվյալներով: Առանց ապրանքների մատակարարման ձեռք է բերել «Նամյու» ՍՊԸ  տվյալներով  2007 թվականի  հունվարի 8-ին լրացված թիվ 2 կեղծ  հաշիվ ապրանքագիր՝ իբր  «Սիլվիա» ՍՊ ընկերությանն  է մատակարարվել 720 միլիոն դրամ ընդհանուր արժողության բժշկական և այլ սարքավորումներ», - նշեցին Գլխավոր դատախազությունից։

Մամուլի-ծառայության համաձայն, արդյունքում «Սիլվիա» ՍՊԸ կողմից նշված կեղծ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու միջոցով 720 միլիոն դրամ ընդհանուր արժողության բժշկական և այլ սարքավորումները մաքսանենգորեն արտահանվել են Հայաստանից։

«Նշված  գործարքով,  կեղծ փաստաթղթեր օգտագործելու արդյունքում արտահանված ապրանքների դիմաց գոյացած 120 միլիոն դրամ ընդհանուր չափով ավելացված արժեքի  հարկը, որը  հաշվանցվել է «Սիլվիա» ՍՊԸ հաշվին, խարդախությամբ հափշտակվել է  նրա կողմից: Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում նախաքննությունը շարունակվում է», - նշեցին Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։-0-