Հայաստանում արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացումը չի լուծի ներքաղաքական խնդիրները. խոսնակ
Հայաստանում արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացումը չի վերացնի երկրում քաղաքական լարվածությունը, կարծում է ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը։
«Մի՞թե աշխարհում կա որևէ պետություն, որտեղ կարելի է խնդիրները լուծել միայն ընտրություններ անցկացնելով։ Խնդիրների լուծման համար անհրաժեշտ է հստակ ձևաչափ, քաղաքական ուժերի միջև երկխոսություն, ջանքերի կենտրոնացում», - ասաց խորհրդարանի նախագահը երկուշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով ընտրությունների արդյունքների դեմ։ Մարտի 1-2-ին բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի և ավելի քան 100 մարդու ձերբակալության։
Թորոսյանի խոսքերով, Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել 10 ամիս առաջ, և դրանց մասնակցել են բոլոր ցանկացող քաղաքական ուժերը։ Ինչպես կարծում է խորհրդարանի խոսնակը, անհնար է իշխանության օրենսդիր մարմնի ընտրություններ նշանակել միայն այն բանի համար, որ որևէ քաղաքական ուժ դհգոհ է, որ չի անցել խորհրդարան։
Մեկնաբանելով խնդիրների լուծման նպատակով իշխանամետ և ընդդիմադիր քաղաքական ուժերի միջև երկխոսության հնարավորությունը՝ խոսնակը հիշեցրեց, որ երխոսության մասին առաջարկություններն արդեն հնչել են ավելի վաղ՝ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից։
«Երխոսություն հաստատելու համար, առաջին հերթին, պետք է սահմանվեն քննարկումների համար հարցերի ցանկը, երխոսության ձևաչափը։ Սակայն ինչպե՞ս կարելի է բանակցություններ վարել այն քաղաքական ուժերի հետ, որոնք չեն ճանաչում իշխանության մարմինների որոշումները, այդ թվում նաև՝ երկրի Սահմանադրական դատարանի որոշումները», - ընդգծեց Թորոսյանը։-0-

