Հայաստանի կառավարությունը սկսել է սեփական ծրագրի նախագծի քննարկումը

Ինչպես կառավարության նիստին հայտնեց Հայաստանի էկոնամիկայի նախարար Ներսես Երիցյանը, Կառավարության ծրագիրը մշակվել է` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության և Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի դրույթները, և ներառում է Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան՚»կուսակցության, «Օրինաց երկիր» կուսակցության և «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցության նախընտրական ծրագրերի հիմնական, ինչպես նաև քաղաքական կոալիցիայի համաձայնագրի դրույթները:
«Պետությունն ստանձնել է հետևյալ երեք հիմնարար առաքելությունները`երկրի ներքին և արտաքին անվտանգության ապահովում, հասարակության յուրաքանչյուր անդամի համար անվտանգ, արժանավայել կյանք և ինքնաարտահայտման հնարավորության ապահովում,օրենքով սահմանված կարգով սոցիալական ապահովության կարիք ունեցող հասարակության անդամների նվազագույն անհրաժեշտ կարիքների բավարարում»,-նշեց նա։
Փաստաթղթում ասված է՝ կառավարության ծրագրի նպատակն է պետության կայուն և անվտանգ զարգացումը` ժողովրդավարական արժեքների վրա խարսխված քաղաքացիական հասարակության կայացումը, հասարակության և իշխանությունների միջև վստահության մթնոլորտի ձևավորումը, սոցիալական արդարության հաստատումը, օրենքի անվերապահ իշխանության, հավասար մրցակցային հնարավորություններ առաջարկող ազատ տնտեսական հարաբերությունների, երկրի անվտանգության ապահովումը, այնպիսի Հայաստանի կառուցումը, որը կմիավորի համայն հայությանը` պահպանելով ու զարգացնելով ազգային ավանդույթները և օգտագործելով համաշխարհային քաղաքակրթության լավագույն ձեռքբերումները:
«Հայաստանը պետք է դառնա որպես կայացած ժողովրդավարական պետություն` կառավարման արդյունավետ համակարգով և ազատ մրցակցային միջավայրում գործարարության ու ներդրումների համար լավագույն պայմանների ապահովմամբ: Կառավարության ծրագիրն ապահովելու է նախորդ տարիների ձեռքբերումների կայուն, շարունակական զարգացումը և քաղաքական, տնտեսական, սոցիալական ու կառավարման համակարգերի համարձակ և իրատեսական բարեփոխումների իրականացումը` որպես հետևանք երաշխավորելով մեր քաղաքացիների կյանքի որակի էական բարելավումը»,-ասված է ծրագրում:
Կառավարության ծրագրի իրականացման գրավականը պետք է հանդիսանա քաղաքացիների վստահությունը վայելող և արդյունավետ գործող իշխանությունը, որը հիմնված կլինի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև լիարժեք փոխըմբռնման, համերաշխության ու սերտ համագործակցության, ինչպես նաև քաղաքացիական հասարակությանն ակտիվ երկխոսության միջոցով կառավարման գործընթացներին մասնակից դարձնելու վրա:--0-