ՀԱՊԿ-ն գոհ է Հայաստանում «Ռուբեժ-2008» զորավարժությունների նախապատրաստական աշխատանքներից

25.04.2008, 18:56
ՀԱՊԿ-ն գոհ է Հայաստանում «Ռուբեժ-2008» զորավարժությունների նախապատրաստական աշխատանքներից
ՀԱՊԿ-ն գոհ է Հայաստանում «Ռուբեժ-2008» զորավարժությունների նախապատրաստական աշխատանքներից

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. ՀԱՊԿ քարտուղարությունը գոհ է հրամանատարաշտաբային զորավարժությունների նախապատրաստական աշխատանքների մակարդակից, որոնք առաջին անգամ Հայաստանում տեղի կունենան օգոստոսի 1-5-ը, հաղորդեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։

«Ռուբեժ-2008» զորավարժություններն ամեն տարի անցկացվում են Կենտրոնական ասիական տարածաշրջանի երկրներում, իսկ 2008թ. որոշում ընդունվեց զորավարժություններն առաջին անգամ Հայաստանում անցկացնելու մասին»,- ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը ուրբաթ, Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության Միջպետական հանձնաժողովի (ՌՏՀՄՀ) հինգերորդ նիստի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

Սեմերիկովի խոսքով, զորավարժությունների նախապատրաստական աշխատանքները, որոնք անցկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը և ՀԱՊԿ կառույցները, ցույց է տալիս, որ հրամանատարաշտաբային զորավարժությունները (ՀՇԶ) լուրջ հետաքրքրություն են առաջացնում։ Ինչպես տեղեկացրեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը, Հայաստանում զորավարժությունները կանցկացվեն չորս փուլով, ինչով էլ դրանք կտարբերվեն նախորդ տարիների զորավարժություններից, որոնք անցկացվում էին երկու-երեք փուլով։

«Ներկայումս մենք քննարկում ենք Հայաստանում ՀՇԶ-ում լրացուցիչ՝ հինգերորդ փուլ ընդգրկելու հարցը»,- ավելացրեց նա։

Ինչպես հաղորդեց Սեմերիկովը, ՀՇԶ-ին առաջին փուլում, որը Հայաստանի տարածքում տեղի կունենա ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի ղեկավարությամբ, ընդգրկվել են իշխանության գործադիր մարմինները, միացյալ շտաբի օպերատիվ խմբերը, կազմակերպության քարտուղարությունը։

Զորավարժությունների երկրորդ փուլը, ինչպես տեղեկացրեց Սեմերիկովը, տեղի կունենա Ռուսաստանում ՝ կազմակերպության միացյալ շտաբի բազայի տարածքում։ Այս փուլում մշակվելու են կազմակերպչական հարցերը։

«Զորավարժությունների երրորդ և չորրորդ փուլերը կանցկացվեն Հայաստանում, որտեղ կմշակվեն ՀՇԶ մասնակից-երկրների ստորաբաժանումների և զորամասերի գործողությունները։ Պետք է նշեմ, որ զորավարժությունների նախապատրաստական փուլը շատ հետաքրքիր ընթացք ունի, այսօրվա ՀԱՊԿ ՌՏՀՄՀ նիստի ժամանակ այս հարցը նույնպես ուշադրությունից դուրս չի մնացել. քննարկվել է ՀՇԶ-ում ռազմական համալիրի ձեռնարկությունների դերն ու տեղը»,- տեղեկացրեց նա։

ՀԱՊԿ մասնակիցներն են յոթ պետություն՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ ՀԱՊԿ-ն ստեղծվել է 1992թ. մայիսին։--0—