Հայերը պետք է միաբան լինեն՝ 1915թ. ցեղասպանության կրկնումից խուսափելու համար. Ռազմական ոստիկանության պետ

24.04.2008, 13:41
Հայերը պետք է միաբան լինեն՝ 1915թ. ցեղասպանության կրկնումից խուսափելու համար. Ռազմական ոստիկանության պետ
Հայերը պետք է միաբան լինեն՝ 1915թ. ցեղասպանության կրկնումից խուսափելու համար. Ռազմական ոստիկանության պետ

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Հայերը պետք է միաբան  լինեն, որպեսզի դիմակայեն արտաքին թշնամիներին և թույլ չտան, որ 1915թ. ողբերգությունը կրկնվի, լրագրողներին ասաց ՀՀ Ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հինգշաբթի՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելուց հետո։

«Այսօր մեր շրջապատում կան մեր հանդեպ թշնամաբար տրամադրված երկրներ, և ամեն ինչ կախված է նրանից, թե մենք ինչպես կդրսևորենք մեզ նրանց նկատմամբ»,- հայտարարեց նա։

Միաժամանակ Գասպարյանն ավելացրեց, որ «Հայաստանը պետք է  դասեր քաղի 93 տարի առաջ տեղի ունեցած ողբերգությունից, որպեսզի նման բան այլևս երբեք չկրկնվի»։

Հայաստանում ապրիլի 24-ին հիշում են Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերին։

1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունը XX դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպել և ծրագրված իրականացրել է երիտթուրքական կառավարությունը։ 1915-1923 թթ.-ին Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը սկզբունքային նշանակություն ունի հայ ժողովրդի համար, քանի որ Ցեղասպանությունն իրականացվել է՝ Հայկական հարցը փակելու նպատակով։

Հայոց ցեղասպանության զոհերը ոչ միայն մարդիկ էին, այլև հոգևոր արժեքները։ 1915-1916թթ.-ին և հաջորդ տարիներին ոչնչացվել են հայկական վանքերում պահվող հազարավոր հայկական ձեռագրեր, ավերվել են հարյուրավոր պատմական և ճարտարապետական հուշարձաններ, պղծվել են ժողովրդի սրբությունները։  Թուրքիայի տարածքում պատմամշակութային հուշարձանների ավերումը, հայ ժողովրդի մշակութային բազմաթիվ արժեքների յուրացումը շարունակվում է առ այսօր։--0--