Հայաստանը պետք է պատրաստ լինի ռազմական գործողությունների վերսկսմանը. պաշտպանության նախարար

Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում պատրաստ լինի հակահարված տալ, կարծում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
«Ես գլխավորում են մի գերատեսչություն, որը պետք է միշտ պատրաստ լինի պատերազմի վերսկսման հնարավորությանը, որպեսզի այդ պատերազմը չլինի», - ասաց նա հինգշաբթի լրագրողներին՝ Երևանում Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելուց հետո։
Նախարարը նշեց, որ այսօրվա դրությամբ Հայաստանը «ոչ պատերազմի, ոչ խաղաղության» իրավիճակում պահպանում է ուժերի հարաբերակցությունը՝ իր Բանակում որակական փոփոխությունների հաշվին։
Խոսելով այն մասին, թե կազդի՞, արդյոք, ներքաղաքական իրավիճակը հակամարտության կարգավորման վրա, Օհանյանն ասաց, որ կարգավորման գործընթացն ընթանում է ծրագրված միջոցառումների շրջանակներում, սակայն ներքաղաքական իրավիճակը միանշանակ ազդել է երկրի հեղինակության վրա։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-