Հայ ժողովուրդը պետք է դասեր քաղի Հայոց ցեղասպանության ողբերգությունից. վարչապետ

24.04.2008, 12:21
Հայ ժողովուրդը պետք է դասեր քաղի Հայոց ցեղասպանության ողբերգությունից. վարչապետ

Հայ ժողովուրդը պետք է դասեր քաղի Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ողբերգությունից, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ Երևանում Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելուց հետո։

«Չկա որևէ հայ ընտանիք, որին չի առնչվել այս ողբերգությունը։ Թող Աստված մեզ իմաստություն տա՝ այս ողբերգությունից դասեր քաղելու համար, որպեսզի այն այլևս չկրկնվի», - ասաց կառավարության ղեկավարը։

Նրա խոսքերով, հայ ժողովուրդը այնքան ողջամիտ պետք է լինի, որպեսզի  հասկանա, որ նման ողբերգության չկրկնվելու երաշխիքը նրա ուժն ու համախմբածությունն է։

«Թող Աստված մեզ իմաստուն դարձնի՝ այս պարզ ճշմարտությունը հասկանալու համար», - ասաց վարչապետը։

Հայաստանում ապրիլի 24-ին հիշում են Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերին։

1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունը XX դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպել և ծրագրված իրականացրել է երիտթուրքական կառավարությունը։ 1915-1923 թթ.-ին Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը սկզբունքային նշանակություն ունի հայ ժողովրդի համար, քանի որ Ցեղասպանությունն իրականացվել է՝ Հայկական հարցը փակելու նպատակով։

Հայոց ցեղասպանության զոհերը ոչ միայն մարդիկ էին, այլև հոգևոր արժեքները։ 1915-1916թթ.-ին և հաջորդ տարիներին ոչնչացվել են հայկական վանքերում պահվող հազարավոր հայկական ձեռագրեր, ավերվել են հարյուրավոր պատմական և ճարտարապետական հուշարձաններ, պղծվել են ժողովրդի սրբությունները։  Թուրքիայի տարածքում պատմամշակութային հուշարձանների ավերումը, հայ ժողովրդի մշակութային բազմաթիվ արժեքների յուրացումը շարունակվում է առ այսօր։--0—