Հայոց ցեղասպանության մերժողականության քաղաքականությունն ապագա չունի. Հայաստանի նախագահ

24.04.2008, 11:49
Հայոց ցեղասպանության մերժողականության քաղաքականությունն ապագա չունի. Հայաստանի նախագահ
Հայոց ցեղասպանության մերժողականության քաղաքականությունն ապագա չունի. Հայաստանի նախագահ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձով դիմել է ժողովրդին՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի՝ այսօր նշվող օրվա կապակցությամբ։

«Օսմանյան Թուրքիայում պետականորեն ծրագրված և իրականացված եղեռնի արդյունքում հայ ժողովրդի մի հսկայական հատված բնաջնջվեց իր բնօրրանում և զրկվեց իր կենսատարածքից։ Ոչնչացվեցին և այսօր էլ շարունակում են ոչնչացվել քաղաքակրթական, մշակութային և նյութական բազում արժեքներ, որ հայ ժողովուրդն արարել է հազարամյակներ շարունակ», - նշվում է ՀՀ նախագահի ուղերձում, որը հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալություն է ստացվել ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Նախագահի խոսքերով, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման խնդիրը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի օրինաչափ և անխուսափելի մասն է։

«Համայն հայության հայրենիք Հայաստանն իր ջանքերը պատմական արդարության վերականգնման ուղղությամբ պետք է շարունակի բազմապատկված փութաջանությամբ», - ընդգծել է նախագահը։

«Ցեղասպանության դատապարտման հարցում մերժողականությունն ապագա չունի. հատկապես այսօր, երբ աշխարհի բազմաթիվ երկրներ իրենց ձայնն են միացրել ճշմարտության ձայնին», - ավելացրել է նա։

Միաժամանակ նախագահն ընդգծել է, որ Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հայ ժողովրդի նեղ ազգային հարցը չէ։

«Մարդկության դեմ կատարված ոճիրն ունի համամարդկային նշանակություն և հնչեղություն. ուրեմն և՝ պետք է ստանա համամարդկային արձագանք», - նշել է ՀՀ նախագահը։

Նրա խոսքերով, հայկական կողմի նպատակներն ընդհանուր ոչինչ չունեն վրեժի և թշնամանքի հետ։

«Անմեղ զոհերի սուրբ հիշատակը վառ պահելով հանդերձ` մենք պատրաստ ենք հենց վաղը բնականոն հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց որևէ նախապայմանի», - ընդգծել է նա։

«Հայոց եղեռնի պատճառների և նախապատմության մասին շատ է խոսվել ու գրվել։ Բազմաթիվ նոր փաստեր ու վերլուծություններ սպասում են իրենց հրապարակմանը, բայց մի բան պարզ էր ի սկզբանե. նման հանցագործություն հնարավոր էր իրականացնել միմիայն հայկական պետականության բացակայության պայմաններում», - ընդգծել է նախագահը։

«Այսօր՝ ապրիլի 24¬ին, մենք պարտավոր ենք առանձնահատուկ սրությամբ գիտակցել Հայոց պետականության բացառիկ նշանակությունը։ Համայն հայությունը պետք է զարգանա և հզորանա՝ փարված իր պետությանը, որ մեր ժողովրդի անվտանգության գրավականն է», - ասվում է ուղերձում։

1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունը XX դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպել և ծրագրված իրականացրել է երիտթուրքական կառավարությունը։ 1915-1923 թթ.-ին Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը սկզբունքային նշանակություն ունի հայ ժողովրդի համար, քանի որ Ցեղասպանությունն իրականացվել է՝ Հայկական հարցը փակելու նպատակով։

Հայոց ցեղասպանության զոհերը ոչ միայն մարդիկ էին, այլև հոգևոր արժեքները։ 1915-1916թթ.-ին և հաջորդ տարիներին ոչնչացվել են հայկական վանքերում պահվող հազարավոր հայկական ձեռագրեր, ավերվել են հարյուրավոր պատմական և ճարտարապետական հուշարձաններ, պղծվել են ժողովրդի սրբությունները։  Թուրքիայի տարածքում պատմամշակութային հուշարձանների ավերումը, հայ ժողովրդի մշակութային բազմաթիվ արժեքների յուրացումը շարունակվում է առ այսօր։--0--