Հայկական գրքերը ներկայացվելու են Թեհրանում կայանալիք միջազգային ցուցահանդեսում

23.04.2008, 17:50
Հայկական գրքերը ներկայացվելու են Թեհրանում կայանալիք միջազգային ցուցահանդեսում
Հայկական գրքերը ներկայացվելու են Թեհրանում կայանալիք միջազգային ցուցահանդեսում

Ավելի քան հարյուր հայկական գրքեր են ներկայացվելու միջազգային ցուցահանդեսում, որը տեղի է ունենալու մայիսի 1-11-ը՝ Թեհրանում, չորեքշաբթի տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարության Գրահրատարակչական գործի գործակալության պետ Էդուարդ Միլիտոնյանը։

«Մասնակցությունը նման ցուցահանդեսներին հնարավորություն է տալիս միջազգային ընթերցողին ծանոթացնել հայկական գրականության հետ»,- Երևանում լրագրողներին ասաց Միլիտոնյանը։

Նրա խոսքով, ցուցահանդեսի այցելուները հայկական տաղավարում կգտնեն ամենատարբեր գրականություն, այդ թվում՝ մանկական, գեղարվեստական, գիտահանրամատչելի։

«Ցուցահանդեսին ներկայացվելու են վերջին երկու տարիներին հրատարակված գրքեր, և ոչ միայն հայերեն, այլև օտար լեզուներով»,- ավելացրեց նա։

Միաժամանակ Միլիտոնյանը նշեց մի քանի գրքեր, որոնք, նրա կարծիքով, հատուկ հետաքրքրություն կառաջացնեն այցելուների մոտ։ Դրանց թվում են հոբելյանական հրատակություններ՝ նվիրված ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանին, հայտնի դրամատուրգ Ալեքսանդր Շիրվանզադեին, հայտնի նկարիչ Մինասին։

Բացի այդ, ցուցահանդեսին ներկայացվելու են գեղանկարչության մի քանի ալբոմներ, ինչպես նաև առանձին հրատարակությամբ խաչքարերի պատմությունը։ --0—