«Հայփոստ» հայկական ընկերությունը սկսում է փոստային համակարգում կիրառել Microsoft տեխնոլոգիաները
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ազգային փոստային օպերատոր «Հայփոստ» ընկերությունը և Microsoft ընկերությունը երեքշաբթի ստորագրեցին համագործակցության համաձայնագիր, որով նախատեսվում է ներդնել ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներ։
«Հայփոստ» ընկերությունը մեծ կարևորություն է տալիս այս համաձայնագրին։ Սա կարևոր ձեռքբերում է ընկերության համար, որն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի հայկական և միջազգային շուկայում զբաղեցնի առաջատար դիրքերից մեկը»,- համաձայնագիրը ստորագրելուց հետո ասաց «Հայփոստի» գլխավոր տնօրեն Հանս Բոնը։
Բոնի խոսքով, «Հայփոստ» ընկերությունը ներկայումս գտնվում է ձևափոխման փուլում՝ անցկացվում են մի շարք բարեփոխումներ, վերականգնվում և մոդերնիզացվում են փոստային բաժանմունքները, ներդրվում են նոր փոստային ծառայություններ, ինչպես նաև բարձրացվում է արդեն գործող ծառայությունների որակը։
Փոստային օպերատորի գլխավոր տնօրենը ասաց, որ Microsoft-ի հետ համագործակցության մասին համաձայնագիրը թույլ կտա «Հայփոստի» ամենօրյա աշխատանքում կիրառել ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներ, ինչն էապես կբարելավի ընկերության աշխատանքը։
«Մեր և Microsoft ընկերության միջև կնքված համաձայնագիրը թույլ կտա Հայաստանին դասել այն երկրների շարքը, որոնք զարգացնում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, ընդ որում, ոչ միայն մայրաքաղաքում, այլև ծայրամասերում»,- նշեց Բոնը։
Իր հերթին, Հայաստանում Microsoft ընկերության ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը կարծում է, որ «Հայփոստի» հետ համաձայնագիրը մեծ իրադարձություն է։ Ըստ նրա, համաձայնագիրն ամեբաբարձր մակարդակի վրա է հանում «Հայփոստի» և Microsoft-ի միջև համագործակցությունը։
Բարսեղյանը տեղեկացրեց, որ համաձայնագրի շրջանակներում Microsoft-ը հայ գործընկերոջ հետ փորձի փոխանակում է կատարելու, «Հայփոստի» աշխատանքում ներդնելու է առաջատար տեխնոլոգիաներ, ինչպես նաև օգնելու է անձնակազմի վերապատրաստման հարցում։
«Համաձայնագրի արժեքը կոմերևցիոն գաղտնիք է։ Կարող եմ միայն ասել, որ համաձայնագիրը նախատեսում է մինչև 15 տոկոս զեղչերի լուրջ քաղաքականություն։ Համաձայնագիրը կնքվել է 3 տարի ժամկետով՝ հետագայում երկարացվելու իրավունքով»,- տեղեկացրեց նա։
«Հայփոստ» ՓԲԸ-ն ՀՀ փոստային կապի ազգային օպերատորն է, որը գործում է ՀՀ ողջ տարածքում՝ իր 900 փոստային բաժանմունքների միջոցով: Ընկերության անձնակազմը 4 հազար մարդ է։
«Հայփոստ» ընկերությունը հոլանդական «Haypost Trust Management»-ին վստահված կառավարման հանձնելու մասին պայմանագիրը ստորագրվել է Երևանում՝ 2006թ. նոյեմբերի 30-ին։ Պայմանագրի համաձայն, «Հայփոստ» ընկերոությունը վստահված կառավարման է տրվում 5 տարի ժամկետով՝ պայմանագիրը նույն ժամանակով երկարացնելու իրավունքով։
«Haypost Trust Management» -ը (Ամստերդամ, Նիդեռլանդներ) հիմնվել է հատուկ վստահված կառավարման իրականացման համար։ Ընկերությունը համագործակցում է Post Finance International-ի հետ, որը մասնագիտանում է զարգացող երկրներում փոստի և փոստային ծառայությունների բարեփոխումների հարցերում։
Microsoft ընկերությունը հիմնադրվել է 1975թ. և համակարգչային ծրագրերի, արտադրության, դրանց լուծումների և ծառայությունների համաշխարհային առաջատարն է։ Հայաստանում Microsoft-ի ներկայացուցչությունը բացվել է 2006թ.-ին։--0—

