«Լինսի» հիմնադրամի ծրագրերը գտնվելու են Հայաստանի նախագահի անմիջական ուշադրության կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. «Լինսի» հիմնադրամի ծրագրերը գտնվելու են Հայաստանի նախագահի անմիջական ուշադրության կենտրոնում, հաղորդում է նախագահի լրատվական ծառայությունը։
Ինչպես ասվում է «Նովոստի-Արմենիայում» ստացված հաղորդագրությունում, «Լինսի» հիմնադրամի կառավարման խորհրդի նիստի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է երկու հանգամանքի մասին։
Առաջին հերթին, որ «Լինսի» հիմնադրամի ծրագրերի շրջանակներում աշխատանքներն իրականացվեն որակական շատ բարձր մակարդակով, և այդ առումով գործընկերների կողմից լիակատար վստահություն լինի կատարած գործի որակի նկատմամբ, և երկրորդը` ծրագրերը, կառույցները լինեն ժամանակակից չափանիշներին ու պահանջներին համապատասխան:
Դրա հետ մեկտեղ, Սարգսյանը չափազանց կարևորել է «Լինսի» հիմնադրամի հետ համագործակցությունը, և նշել, որ ծրագրերի հաջող իրականացումը հնարավորություն կտա հետագայում ևս գործակցությունը շարունակել ու խորացնել:
Նա տեղեկացրել է, որ նորանշանակ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը շարունակելու է ղեկավարել Հիմնադրամի կառավարման խորհուրն արդեն կառավարությունից:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ծանոթացել է Երևանում «Լինսի» հիմնադրամի շրջանակներում կատարվող շինարարական աշխատանքների հետ։
Լինսի հիմնադրամը ֆինանսավորվում է ամերիկահայ գործարար, միլիարդեր Քըրք Քըրքորյանի կողմից։ «Լինսի» հիմնադրամի առաջին ծրագիրը Հայաստանում 2001-2003թթ. կազմել է 150 մլն. ԱՄՆ դոլար։
Ներկայումս իրականացման փուլում է գտնվում հիմնադրամի երկրորդ ծրագիրը, որն արժե 60 մլն ԱՄՆ դոլար։ Այդ միջոցներով իրականացվելու է երեք նախագիծ. ճանապարհաշինություն՝ 20 մլն., Երևանի փողոցների վերականգնում՝ 20 մլն., և դպրոցների բարեկարգում (նույն արժողությամբ)։--0—