Ընդդիմության հետ երկխոսություն հաստատելու համար Հայաստանում անհրաժեշտ է բանավեճեր կազմակերպել
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Ընդդիմության հետ երկխոսություն հաստատելու ճանապարհին իշխանությունների առաջին քայլը պետք է լինի Հայաստանի հանրային հեռուստատեսության (ՀՀՀ) եթերով բանավեճերի կազմակերպումն ու անցկացումը, կարծում է ընդդիմադիր «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը։
«ՀՀՀ-ն պետք է առանձին եթերաժամ տրամադրի և հնարավորություն ստեղծի ինչպես խորհրդարանական, այնպես էլ ոչ խորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ բանավեճեր անցկացնելու համար»,- երկուշաբթի լրագրողներին ասաց նա, մեկնաբանելով Հայաստանի հարցով ԵԽԽՎ ընդունած բանաձը, որի համաձայն երկրում բարեփոխումներ անցկացնելու միակ ճանապարհը քաղաքական ուժերի միջև բաց և կառուցվածքային երկխություն հաստատելն է։
Ալավերդյանը նշեց, որ երկխոսությունն առավել անհրաժեշտ է ընդդիմադիր դաշտի այն ներկայացուցիչների հետ, որոնք առավել խորը տարաձայնություններ ունեն իշխանությունների հետ։
Միաժամանակ, պատգամավորն ասաց, որ «Ժառանգություն» կուսակցությունը մինչ օրս ոչ մի արձագանք չի ստացել իր առաջարկությանը, որն առավել տարօրինակ է, եթե հաշվի առնենք, որ հեռուստաբանավեճերը նախատեսված են օրենքով։
«Իրավական նորմերի շրջանակներում մենք միշտ կոչ ենք արել գնալ այդ քայլին և անհասկանալի է, թե ինչու է մինչ օրս քաղաքական բանավեճերի ձևաչափը արգելված մնում ՀՀՀ-ում»,- ընդգծեց նա։
Ալավերդյանի խոսքով, վերջնական արդյունքում, երկխոսությունը միշտ բերում է վիճելի հարցի լուծմանը, «արդեն չխոսելով դրա շուրջ ծավալած իրավիճակի մեղմացման մասին»։
«Անհրաժեշտ է դուրս բերել ամենախորը հարցերը, և դրանք դարձնել իրական երկխոսության առարկա»,- ընդգծեց պատգամավորը։
ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ հայկական ընդդիմության կողմից փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում անցկացվող ցույցերը մարտի 1-2-ը վերածվել են անկարգությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ բախումների։ Այս ամենի հետևանքով զոհվել է տասը քաղաքացի, շուրջ 265 մարդ ստացել են վնասվածքներ, ձերբակալվել է մոտ 100 մարդ։ --0--

