Թուրքիան պատրաստ է աշխատել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. ԱԳՆ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ալի Բաբաջանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է աշխատել հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։
Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի՝ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ուղղված շնորհավորական ուղերձում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հայկական արտաքին գերատեսչության մամուլի և տեղեկատվության վարչությունից։
«Ես անկեղծորեն հավատում եմ, որ մենք միասին կկարողանանք օգտվել նոր քաղաքական իրողությունների ընձեռած հնարավորություններից` սկսելու իմաստալից և նպատակաուղղված երկխոսություն` հասնելու այն արդյունքին, որին մենք ձգտում ենք»,- ասվում է ուղերձում:
Բաբաջանը նաև համոզմունք է հայտնել, որ դիվանագիտության բնագավառում ՀՀ նոր արտգործնախարարի հարուստ փորձը անգնահատելի և ծանրակշիռ ներդրում կլինի Հայաստանի արտաքին քաղաքականության համար:
Ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ՝ առանց նախապայմանների։ Սակայն Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատաման համար առաջ է քաշում մի շարք նախապայմաններ, մասնավորապես, Հայաստանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915թ. իրագործված Եղեռնի ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելը և ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը` հօգուտ Ադրբեջանի:--0—