Հայաստանին անհրաժեշտ է կրճատել բուհերի և գիտության միջև ճեղքվածքը. նախարար
Հայաստանին անհրաժեշտ է կրճատել բուհական համակարգի և գիտության միջև ճեղքվածքը, ուրբաթ Երևանում ասաց կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։
«Համալսարանական համակարգը չի կարող հեռու մնալ գիտական մշակույթից»,- ասաց նա Հայաստանում՝ Եվրահանձնաժողովի բարձրագույն կրթության ոլորտի TEMPUS-4 ծրագրի գործունեությանը նվիրված միջոցառման ընթացքում։
Նախարարի խոսքերով, բուհական համակարգի յուրաքանչյուր դասախոս պարտավոր է զբաղվել գիտությամբ և դասախոսական գործունեությունից զատ գիտական գործունեություն իրականացնել։
«Անընդունելի է, երբ 60-70-ական թվականներին դիսերտացիա պաշտպանած դասախոսը լիովին խորանում է ուսանողների հետ աշխատանքում և անտեսում նրա մասնագիտակսան գործունեության գիտական կողմը»,- ընդգծեց Մկրտչյանը։
Բարձրագույն կրթության ոլորտում Եվրահանձնաժողովի TEMPUS ծրագիրը Հայաստանում գործում է 1995 թվականից։ 1995-2007 թվականներին երկրում իրականացվել է 5,5 մլն եվրոյի 32 երկարաժամկետ նախագիծ։ Ընդհանուր առմամբ, առաջին երեք փուլերի շրջանակներում երկրում կիրականացվել է 92 նախագիծ։-0-

