Հայաստան կժամանի Հունգարիայի պաշտպանության նախարարության պետքարտուղարը
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ապրիլի 24-ին տարածաշրջանային եռօրյա այցով Հայաաստան կժամանի Հունգարիայի պաշտպանության նախարարության պետական քարտուղար Ագնեշ Վադայի գլխավորած պատվիրակությունը, ուրբաթ հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը:
«Ապրիլի 25-ին պատվիրակությունը պաշտոնական հանդիպումներ կունենա ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանի և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի հետ»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Շահսուվարյանը:
Այցի ընթացքում պատվիրակությունը ծաղկեպսակ կդնի «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրում՝ Հայոց եղեռնի զոհերի հիշատակին և Անհայտ զինվորի գերեզմանին, կայցելի Մատենադարան և «Մայր Հայաստան» զինվորական թանգարան:
Ապրիլի 26-ին Ագնեշ Վադայի գլխավորած պատվիրակությունը ծաղկեպսակ կդնի Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին զոհված Հունգարիայի զինվորների հուշարձանին, ինչպես նաև կայցելի ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադ և ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ:
Ապրիլի 27-ին Հունգարիայի պատվիրակությունը կվերադառնա հայրենիք:-0-