Հայ ժողովրդի պատմությունը անհնար է ներկայացնել առանց նրա մշակույթի. վարչապետ

18.04.2008, 13:48
Հայ ժողովրդի պատմությունը անհնար է ներկայացնել առանց նրա մշակույթի. վարչապետ
Հայ ժողովրդի պատմությունը անհնար է ներկայացնել առանց նրա մշակույթի. վարչապետ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարծում է, որ հայ ժողովրդի պատմությունը անհնար է ներկայացնել առանց նրա մշակույթի։

«Մշակույթը մեր ժողովրդի կյանքի էությունն է։ Մեր այսօրվա գոյությունը՝ ինքնատիպ մշակույթի արդյունք է», - ասաց Սարգսյանը ուրբաթ՝ ներկայացնելով ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Հասմիկ Պողոսյանին։

Վարչապետը նշեց, որ Պողոսյանը պատասխանատվություն է կրել այդ բնագավառի համար նախկին կառավարությունում, և այսօր նրան է վստահված սկսված գործի շարունակությունը։

«Մեր առջև մեծ խնդիրներ են ծառացած, և հասարակության այսօրվա տրամադրությունն անհնար է փոխել՝ առանց մշակույթի գործիչների մասնակցության», - ասաց Սարգսյանը։

Կառավարության ղեկավարն ասաց, որ հաճելիորեն զարմացած էր, երբ մշակույթի բնագավառի 300 ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նրանք բոլորը միաձայն սատարել են Հասմիկ Պողոսյանի թեկնածությանը։

«Շատ կարևոր է, երբ հանձին  Պողոսյանի մենք ունենք ձեր վստահությունը վայելող մի անձ», - ավելացրեց նա։

Մշակույթի նախարարն իր հերթին շնորհակալություն հայտնեց կառավարության ղեկավարին՝ նրան ցուցաբերած վստահության համար։

«Ես գիտակցում եմ, որ մենք պետք է մեծ աշխատանք կատարենք։ Միաժամանակ ես շատ ուրախ եմ, որ ձեր կողմից ներկայացված դրույթները համահունչ են մեր կողմից մշակվող ծրագրերի հետ», - ասաց Պողոսյանը։

Նա ավելացրեց, որ նախարարությունն առավելագույն ջանքեր կգործադրի՝ կատարվելիք բոլոր ծրագրերի իրագործման համար։-0-