ԵԽԽՎ-ը Հայաստանին կոչ է անում բարեփոխումների և քաղաքական ուժերի հետ երկխոսության

17.04.2008, 19:57
ԵԽԽՎ-ը Հայաստանին կոչ է անում բարեփոխումների և քաղաքական ուժերի հետ երկխոսության

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ԵԽԽՎ-ը Հայաստանին կոչ է անում բարեփոխումների և քաղաքական ուժերի հետ երկխոսության։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Բողոքի ցույցերը մարտի 1-2-ը վերածվել են անկարգությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի, շուրջ 265 մարդ ստացել են վնասվածքներ։ Ավելի քան 100 մարդ ձերբակալվել է։

«Առաջ գնալու համար Հայաստանը պետք է անհապաղ փոխի քաղաքական համակարգը և ընտրական գործընթացը, երաշխավորի դատարանների և ԶԼՄ-ների անկախությունը, հանրահավաքների ազատությունը և դադարեցնի ոտնձգությունները ընդդիմադիր ԶԼՄ-ների նկատմամբ, քաղաքական նկատառումներով արված կամայական ձերբակալությունները»,- ասվում է ԵԽԽՎ բանաձևում։

Բանաձևում նշվում է, որ միակ ճանապարհը, որը թույլ կտա առաջ գնալ դեպի բարեփոխումներ՝ քաղաքական ուժերի միջև բաց և կառուցվածքային երկխոսություն հաստատելն է։

Հայաստանի հարցով ԵԽԽՎ զեկուցողներ Ժորժ Կոլոմբիեի և Ջոն Պրեսկոտի առաջարկով խորհրդարանականները մի քանի պայմաններ են նշել երկխոսություն հաստատելու համար։

Մասնավորապես,առաջարկվում է անհապաղ իրականացնել մարտի 1-2-ի իրադարձությունների անկախ հետաքննություն, ազատել քաղաքական նկատառումներով կալանավորվածներին, անհապաղ վերացնել և անվավեր ճանաչել «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում ընդունված փոփոխությունները։

«Եթե պայմանները չկատարվեն, և Հայաստանի քաղաքական ուժերի միջև բարեփոխումներ կատարելու ուղղությամբ երկխոսություն չհաստատվի, ապա Հայաստանի լիազորությունները որպես Եվրախորհրդի անդամ կդրվեն կասկածի տակ», ասել են խորհրդարանականները։

«Վեհաժողովը պետք է հունիսյան նստաշրջանի բացումից առաջ դիտարկի հայկական պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու հնարավորությունը, եթե նշված կետերով առաջընթաց չարձանագրվի»,- ասվում է բանաձևում։--0—