Անբարեխիղճ հայ մաքսավորները կհեռացվեն աշխատանքից. նախագահ
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Մաքսատան բոլոր այն աշխատակիցները, ովքեր պատրաստ չեն իրենց պարտականությունները բարեխղճորեն կատարել, պետք է հեռանան համակարգից։ Իսկ նրանք, ովքեր պատրաստ են ազնվորեն աշխատել, ծառայություններ մատուցել հանրությանն ու պետությանն, ամեն կերպ օժանդակություն կստանան իրենց աշխատանքում, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ մաքսային համակարգի ղեկավարության հետ հանդիպմանը:
«Մաքսային մարմինների այսօրվա աշխատանքը և մասնագիտական պատրաստվածությամբ, և տեխնիկական հագեցվածությամբ, և, առաջին հերթին, պետության նկատմամբ պարտավորությունների կատարմամբ, էապես տարբերվում է նախորդ տարիներից, ինչն, անշուշտ, ձեռքբերում է: Սակայն, այս ամենի հետ մեկտեղ, համակարգում ծաղկում են նաև հոռի երևույթները»,- հինգշաբթի «Նովոստի-Արմենիային» Սարգսյանի խոսքը մեջբեերցին նախագահի լրատվական ծառայությունից։
Այս երևույթների թվում նախագահը նշել է կաշառակերությունը, հովանավորչությունն, ամբարտավան վերաբերմունքն, ինչն, անշուշտ, խոչընդոտում է տնտեսության զարգացմանը և հարուցում է համակարգի հետ շփվողների արդարացի զայրույթը:
«Մեր երկրում չեն կարող լինել անհատներ, կառույցներ, որոնք հնարավորություն կունենան ճնշում գործադրել մաքսային մարմինների վրա կամ, որոնք կարող են մաքսանենգությամբ զբաղվել»,- շեշտել է Սերժ Սարգսյանը:
Նախագահի գնահատականով, մաքսանենգությամբ զբաղվելն ուղիղ հավասար է անաշխատ եկամուտ ստանալուն, ինչն ուղղակիորեն ջարդում է տնտեսությունը, ստեղծում անհավասար պայմաններ և բարեխիղճ գործարարի համար գործարարությամբ զբաղվելը տանջանք է դառնում:
Սերժ Սարգսյանն առաջնային է համարել խիստ պայքարն, այսպես կոչված, ձախ թղթապանակների դեմ, երբ մարզերից որևէ մեկում բնակվող իննսունհինգ տարեկան մարդու անունով թղթապանակ են բացում, իբր նա միլիարդավոր դրամների շրջանառությամբ ձեռնարկություն ունի, մի քանի շաբաթ կամ ամիս հետո այդ ձեռնարկությունը, բնականաբար, փակվում է, իսկ հետքերը կորչում են:
«Ձեզանից շատերն այս խնդրի մասին գիտեն, նույնիսկ վստահ եմ, որ ոմանք գիտեն, թե կոնկրետ ովքեր են դրանով զբաղվում, բայց միջոցներ չեն ձեռնարկում»,- ընդգծել է պետության ղեկավարը:
Նախագահի մատնանշած հաջորդ խնդիրը վերաբերել է մաքսատուրքով և ավելացրած արժեքով զրոյական հարկման ապրանքների անվան տակ Հանրապետություն ներկրվող այլ ապրանքների դեմ պայքարին: Նրա խոսքով, վերջին մի քանի օրերի ստուգումների արդյունքում մեծ քանակությամբ այդպիսի ապրանք է հայտնաբերվել, երբ ապրանքագրում գրված է մի բան, իրականում բոլորովին այլ է։
«Վստահ եմ, որ առանց մաքսավորի մասնակցության նման բաներ անհնար են»,- ասել է նախագահը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ղեկավարության հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը։--0—

