2008 թ. մայիսից «ՀայՌուսգազարդը» Երևանի բազմահարկ շենքերում կսկսի տեղադրել վառվող գազի ազդանշանային սարքեր

17.04.2008, 13:41
2008 թ. մայիսից «ՀայՌուսգազարդը» Երևանի բազմահարկ շենքերում կսկսի տեղադրել վառվող գազի ազդանշանային սարքեր

Երևանի բազմահարկ շենքերում վառվող գազի ազդանշանային սարքերի և անջատիչ կափույրների տեղադրման գործընթացը կսկսվի 2008 թ.-ի մայիսից։ Այս մասին լրագրողներին հայտնեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը։

«Գազի ազդանշանային սարքերի տեղադրումը սկզբունքորեն կփոխի անվտանգության համակարգը», - ասաց Կարապետյանը՝ նշելով, որ Հայաստանը ԱՊՀ տարածքում միակ պետությունն է, որը ձեռնամուխ է եղել նման համակարգի մասսայական ներդրմանը։ Նրա խոսքերով, նման ծրագրի իրականացումն աննշան կազդի սակագնի վրա։

«Իրականում նման հակամարգի ներդրումից մենք եկամուտ չենք ակնկալում, մենք ընդամենը բարձրացնում ենք անվտանգության մակարդակը և հուսով ենք հատուցել շահագործման և վերանորոգման ծախսերը», - ասաց Կարապետյանը։

Ազդանշանային վառվող սարքերի և անջատիչ կափույրների տեղադրման համար «ՀայՌուսգազարդը» կներդնի 4,1 միլիարդ դրամ։

Հայաստանի հասարակական ծառայությունների հանձնաժողովի նախնական գնահատականներով, գազի ազդանշանային սարքի ամենացածր արժեքը 28 հազար դրամ է (առանց ԱԱՀ-ի)։

Ծրագրվում է, որ բնակչությունը տեղադրված ազդանշանային սարքերի համար կվճարի 10-15 տարվա ընթացքում։

Գազի ազդանշանային սարքերը տեղադրվում են՝ գազասպառման համակարգը շահագործելիս անվտանգության մակարդակի բարձրացման և տեխնոգեն աղետների նվազեցման նպատակով։

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման մենաշնորհային իրավունք ունի։

Ընկերությունը ստեղծվել է 1997 թ.-ին, այժմ նրա կապիտալը կազմում է 580 միլիոն դոլար, բաժնետերերն են՝ «Գազպրոմ» ԲԲԸ-ն (57,59% բաժնետոմս), ՀՀ էներգետիկայի նախարարությունը (34,7%) և «Իտերա» նավթագազային ընկերությունը (7,71%)։--0—