Հայասատնում նախատեսվում է ստեղծել Ուրարտագիտության կենտրոն. փորձագետ

16.04.2008, 19:38
Հայասատնում նախատեսվում է ստեղծել Ուրարտագիտության կենտրոն. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Աշոտ Փիլիպոսյանը մտադիր է թանգարանի հիմքի վրա ստեղծել Ուրարտագիտական հետազոտությունների կենտրոն։

«Վերջին ժամանակներս կտրուկ պակասել է մասնագետ-ուրարտագետների քանակը»,- չորեքշաբթի Երևանում լրագրողներին ասաց Փիլիպոսյանը։

Սակայն, նրա խոսքով, ուրարտագիտությունը, որպես գիտություն, ընդլայնվում է Թուրքիայում, որտեղ այժմ այդ ոլորտում աշխատում է 15 մասնագետ։

«Եթե մենք մոտակա հինգ տարիների ընթացքում նման կենտրոն չստեղծենք, ապա մեր պատմության ամենավառ ժամանակաշրջաններից մեկը կներկայացնեն արտասահմանցի մասնագետները»,- ասաց նա։

Այդ համատեքստում նա նշեց, որ յուրաքանչյուր շաբաթ, ուրբաթ օրերին, Էրեբունի թանգարանում տեղի են ունենում սեպագիր արձանագրությունների ուսումնասիրության դասընթացներ։

«Ես ընտրել եմ առավել տաղանդավոր երիտասարդներին, որոնք ապագա ունեն։ Հույս ունեմ, որ նրանք հետագայում կշարունակեն իրենց աշխատանքն այս ուղղությամբ»,- ամփոփեց Փիլիպոսյանը։

Ուրարտուն մ.թ.ա. 9-6-րդ դարերի հնադարյան պետություն է, որը գտնվում էր Հայկական լեռնաշխարհի տարածքում։--0—