«Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը կբացվի Երևանում` ապրիլի 17-ին

16.04.2008, 18:59
«Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը կբացվի Երևանում` ապրիլի 17-ին

«Ազգային պատկերասրահ» դասական երաժշտության չորրորդ միջազգային փառատոնը տեղի կունենա Երևանում` ապրիլի 17-ին։

Ինչպես չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց կազմակերպիչ Մարիամ Շահինյանը, չորս տարվա ընթացքում փառատոնը բարի ավանդույթի է վերածվել՝ դառնալով Հայաստանի երաժշտական կյանքի անքակտելի մասը։

«Թանգարաններում կամ պատկերասրահներում համերգներ անցկացնելու գաղափարը լայն տարածում է գտել աշխարհում, իսկ Հայաստանում այդ գաղափարն առաջին անգամ իրագործվել է «Ազգային պատկերասրահ» փառատոնի շրջանակներում»,- ասաց նա՝ նշելով, որ հենց փառատոնը հասցրել է ճանաչում գտնել դասական երաժշտության սիրահարների կողմից։

Փառատոնի գեղարվեստական խորհրդի անդամ, Հայաստանի Կամերային նվագախմբի ղեկավար, դիրիժոր Արամ Ղարաբեկյանն իր հերթին գոհունակություն հայտնեց, որ Հայասատնում անցկացվում է փառատոն, որը միահյուսում է կերպարվեստը և երաժշտությունը։

«Որպես կատարող նշեմ, որ երաժշտի համար Ազգային պատկերասրահում բացառիկ ոգեշնչող մթնոլորտ է»,- ընդգծեց նա։

Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանն իր հերթին նշեց, որ երաժշտական փառատոնի անցկացումը հասարակության մեջ հետաքրքրություն է արթնացնում Պատկերասրահի նկատմամբ։

«Փառատոնը պատկերասրահին նոր տեսք ու շունչ է տալիս, որի համար ես շնորհակալ եմ դրա կազմակերպիչներին»,-ընդգծեց նա։

«Ազգային պատկերասրահ» փառատոնը կանցկացվի ապրիլի 17-ից հունիսի 15-ը։ Փառաոտոնի շրջանակներում Ազգային պատկերասրահում տեղի կունենա դասական երաժշտության ինը համերգ, որոնց կմասնակցեն հայ և օտարերկրյա կատարողներ և երաժշտական խմբեր։

Փառատոնի մասնակիցների թվում են «Ալիաջ» սաքսոֆոնահարների կվինտետը (Գերմանիա), «Նարեկացի» նվագախումբը (Հայաստան), «Կադանս» լարային խումբը (Հայաստան),  ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին (Իտալիա), թավջութակահար Միքայել Հախնազարյանը (Շվեյցարիա) և Ալեքսանդր Չաուշյանը (Մեծ Բրիտանիա)։-0-